211652_close_icon
views-count2041 դիտում article-date 18:26 02-03-2021

Անհայտ կորածը չպետք է դատարանի որոշմամբ ճանաչվի մահացած․ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքն ուղղակի անհրաժեշտություն է. ՀՔԱՎ

Տարիներ շարունակ ՀՔԱՎ-ն անդրադարձել է «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությանը, սակայն այն շարունակաբար անտեսվել է  պետական մարմինների կողմից։

Հիմա, երբ Հայաստանը հերթական անգամ բախվել է հարյուրավոր անհայտ կորածների խնդիրներին, շատ կարևոր է ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ մոտենալ անհայտ կորածների և նրանց ընտանիքների հիմնախնդիրներին, որոնց լուծման և կարգավորման համար անհետաձգելի է  հիմնաքարային օրենքի ընդունումը։

Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում ամրագրված չէ անհայտ կորածի իրավական սահմանումը, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել հարազատի մահացածի կարգավիճակի հաստատմանը, որպեսզի հնարավորություն ունենան ստանալու պետության կողմից սահմանված սոցիալական աջակցություն, սակայն անհայտ կորածների խնդիրները չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ։

 

«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է նախ անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի  անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Օրենքի նախագիծը ենթադրում է նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորչելու հանգամանքների քննություն։

Պատերազմական գործողությունների ժամանակ գերիների ու անհայտ կորածների հարցով գործում են միջազգային մարդասիրական նորմերը, մասնավորապես՝ Ժնևյան չորս կոնվենցաները և երկու կից արձանագրությունները։ Համաձայն դրանց՝ հակամարտող կողմերը պետք է ստեղծեն տեղեկատվական բյուրոներ, որոնք պետք է իրենց երկրի անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրեն և փոխանակեն այն միմյանց միջև, տեղեկություններ տրամադրեն անհայտ կորածների հարազատներին։ Այս երկխոսության պահանջը բխում է պետությունների՝ իրենց քաղաքացիների հանդեպ պարտավորությունից։

15 տարուց ավել է՝ ՀՔԱՎ-ը  պարբերաբար տարբեր մարմինների հետ ունեցել է օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներ։ 

Մենք մշակել ենք «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ առաջարկելով այն պետական մարմիններին՝ հաշվի առնելով  հակամարտության սրման մշտական վտանգը։

Այդուհանդերձ, պետական մարմինները  չեն  կարևորել այդ օրենքի ընդունման նշանակությունը, կենսական անհրաժեշտությունը։

ՀՔԱՎ-ը պետական այլ կառուցների ներկայացուցիչների հետ համատեղ մշակել է նախագիծը, աշխատանքներն ավարտվել են 2011 թվականի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովում՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով:

2015-ին՝ երկար ժամանակ նախագծի ընթացքի մասին լուր չունենալուց հետո, ՀՔԱՎ-ը դիմել էր Արդարադատության նախարարություն և ստացել հետևյալ պատասխանը՝ նախարարությունն օրենքի ընդունումը հրատապ չի համարում։

2016 թվականի պատերազմական գործողությունների ժամանակահատվածում  նորից արդիական դարձավ անհայտ կորածների խնդիրը, և հերթական անգամ արձանագրվեց, թե ինչ բացասական ազդեցություն ունի «Անհայտ կորածի մասին» օրենքի բացակայությունը, որով պետությունն օրենքի ուժով ստանձնած կլիներ Ժնևյան կոնվենացիաներով վերցրած պարտավորություններն ու կունենար դրանց իրականացման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմները։

Նշենք, որ դեռևս 2007 թվականին ԵԽԽՎ-ն ընդունել է անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը, իսկ Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն,  ստանձնել է ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման  պարտավորություն։ Սակայն դա էլ  անհրաժեշտ խթան չեղավ պետության կողմից անհայտ կորածների հանդեպ օրենսդրական մակարդակում իր պարտավորությունները կատարելու համար։ Տեղին է հիշեցնել, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակահատվածում անհայտ կորած զինծառայողների թիվը կազմում է 213 հոգի, որոնց ճակատագրի վերաբերյալ մինչ այժմ նրանց ընտանիքները որևէ տեղեկություններ չունեն։

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը ևս հետևողական չեղավ այս խնդրին։ 2020 թվականի փետրվարի 19-ին ՀՔԱՎ-ի առաջարկով Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը՝ կրկին քննարկման օրակարգ վերադարձնելու վերոհիշյալ օրենքի նախագիծը և ընթացք տալու: 

2020 թվականի մարտի 5-ին ՀՔԱՎ-ը գործընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ինչին ի պատասխան՝  արդարադատության նախարարը տեղեկացրել էր, որ դիմել է ՊՆ և ԱԳՆ՝ օրենքի նախագծի կամ նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։

Պետական համակարգն, ինչպես միշտ, հետևողական չեղավ, և ՀՔԱՎ-ը նախագծի վերաբերյալ ԱՆ-ից, ՊՆ-ից և ԱԳՆ-ից դիրքորոշում է ստանում  ղարաբաղյան երկրորդ պատերազից հետո, երբ ռազմական գործողությունների հետևանքով  արդեն ունենք մեծ թվով անհայտ կորածներ, և նրանց հարազատներին աջակցելու ուղղությամբ պետությունը հերթական անգամ պետք է կատարի իր պարտավորությունները։

Ինչ վերաբերում է պետական համակարգի դիրքորոշմանը՝ օրենքի վերաբերյալ, ապա ներկայացնենք 2021 թվականի փետրվարի 8-ին ՀՀ ԱՆ-ից ստացված գրությունը, որի համաձայն՝ՀՀ ՊՆ-ը համարում է, որ ներկա փուլում օրենքի ընդունումը նպատակահարմար չէ, և ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության, ՀՀ վարչապետի որոշումներով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի և դրա ընդունումը համարում է նպատակահարմար՝ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում ձևավորված նոր իրադրությունը, ներկա մարտահրավերները, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և նրանց ազգականների իրավունքների և շահերի պաշտպանության հրամայականը։

ՀՀ ԱՆ-ը, հաշվի առնելով ՀՀ ՊՆ-ի «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով իրավասու մարմին լինելու հանգամանքը և հիմք ընդունելով վերջինիս դիրքորոշումն առ այն, որ նախագծով ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են, և առանձին օրենքի ընդունումը ներկա փուլում նպատակահարմար չէ, հայտնում է իր պատրաստակամությունն իրավասու մարմնի նախաձեռնությամբ հետագայում ըստ անհրաժեշտության համապատասխան օրինագծի մշակման աշխատանքներում ներգրավվելու հարցում։

Ինչպես տեսնում ենք, այսքան տարիների ընթացքում պետական համակարգը չի տեսել և չի ընկալել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի կենսական անհրաժեշտությունը։ 

Բացի դրանից՝ պատկան մարմիններն օրենքի նախագիծը կարծես սկզբունքորեն չեն տրամադրում ՀՔԱՎ-ին՝ չնայած այն հանգամանքին, որ գրասենյակը յուրաքանչյուր դիմումի հետ  նշել է, որ ցանկանում է ստանալ նախագծի օրինակը։

«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու կիրարկումը պետության պատասխանատու վերաբերմունքի դրսևորումն է՝ անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների համար իրավական պաշտպանության երաշխիքների ապահովման տեսանկյունից, մասնավորապես՝ անհայտ կորչելու հանգամանքների ուսումնասիրության տեսակետից, որը ՀՀ որևէ օրենքով կամ նորմով չի կարգավորվում։ Մյուս կողմից, պետությունը պետք է օրենքով ճանաչի պատերազմական գործողությունների ժամանակ անհայտ կորածի իրավական  կարգավիճակը, և ըստ այդ կարգավիճակի՝ տա սոցիալական, հոգեբանական, ֆինանսական, կրթական և այլ իրավունքների իրականացման  երաշխավորումը, և ոչ թե անհայտ կորածի հարազատին ուղղորդի դատարան՝ մահացած ճանաչելու նպատակով, և դրա հիման վրա միայն մահացած ճանաչված անհայտ կորածի հարազատներն ստանան սոցիալական աջակցություն։  

Նմանատիպ նյութեր