211652_close_icon
views-count45665 դիտում article-date 18:03 02-03-2021

Քեզ բացակա չենք դնի. այսօր բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց հուշ-երեկո՝ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի ծննդյան օրվան նվիրված:

Զաքարյանների ընտանիքում ավանդույթ կար՝ ամեն ծննդյան տարեդարձին Ազատը հատուկ նվեր էր խնդրում մայրիկից՝ ասմունքել իր համար: Այսօր այդ նվերը մատուցեցին ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները՝ հանդես գալով պատերազմի ժամանակ նահատակված իրենց ընկերոջ կողմից սիրված հայ մեծանուն գրողների ստեղծագործություններով:

Ամենագեղեցիկ մարդկային արժեքներով օժտված Ազատն իր ընկերների սրտերում խորը հետք է թողել: Բացակայություն, կարոտ, ափսոսանք... այս զգացումներ են այժմ ուղեկցում նրա ընկերներին, բայց նրանք խոստում ունեն՝ իրագործել իրենց ընկերոջ ամեն կիսատ թողած երազանքն ու նպատակը: Պատերազմում զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագրի ներքո բուհում մեկնարկել է միջոցառումների շարք՝ նվիրված անմահացած հերացիականների հիշատակին, որոնք կյանքի գնով ապահովեցին մեր ժողովրդի անվտանգությունը:

«Այդ տևական միջոցառումները պատիվ են բերելու համալսարանին, պարտավորեցնելու են ձեզ հիշել այն տղաներին, որոնց կյանքի գնով մենք շարունակում ենք ապրել, ինչպես նաև հասկանալու ձեր առաքելությունը և նվիրվելու ձեր գործին»,- շեշտեց բժշկական բուհի ռեկտորը: Ինչպես նշեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուտետի պետ Վարդան Ծատուրյանը, Ազատի և երեք տասնյակից ավելի անմահացած հերոսների անունները բժշկական բուհում հավերժ կապրեն բոլորի հետ:

Ազատի ծննդյան տարեդարձին նվիրված երեկոն ևս մեկ նպատակ ուներ՝ պատգամել, որ մեր նահատակված հերոսներն իրենց ապրելու իրավունքը փոխանցել են ազգին՝ միայն մեկ հրամայականով՝ երբեք ու երբեք չդատարկել Հայաստանը, կենսունակ ու լի պահել իրենց կողմից արյան գնով պաշտպանած երկիրը: Ազատը Զաքարյանը զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 10-ին՝ Ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, երբ անտեսելով վտանգը շտապում էր օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանից, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը մեկ տասնյակից ավելի սովորողներ ու ռազմական բժիշկներ է կորցրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով հրահրված պատերազմում: Նրանց մի մասն անմահացել է մասնագիտական, մյուսները՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս:

Ազատ Զաքարյանը Ռազմաբժշկական ֆակուլտետում սովորել է երեք տարի, որից հետո զորակոչվել է բանակ՝ զինվորական ծառայության: Արցախի հարավային ուղղությամբ մղվող մարտերում նա կատարում է իր առջև դրված խնդիրները, քաջաբար կանգնում մինչև վերջ և զոհվում հերոսաբար:

Ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանը, ով պատերազմի առաջին օրից՝ որպես կամավոր եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, ավագ գործընկերների հետ բուժօգնություն է տրամադրել վիրավորներին, անմահացած ընկերոջ մասին պատմում է խորը վշտով. «Ազատը խելացի, հոգատար, հավասարակշռված, նպատակասլաց անձնավորություն էր»:

Ապագա ռազմական բժիշկը նշում է՝ վիրաբույժ դառնալու ցանկությանը զուգահեռ, Ազատը բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ուներ, որոնք մտադիր էր կյանքի կոչել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:

Մեջբերելով Ազատի ՝ «Ամեն ինչ մեր ձեռքերում է ու գլխում» խոսքերը, Նիկոլայն ընդգծում է, որ ընկերն իր աշխարհայացով տարբերվում էր մյուսներից: Ազատը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Հադրութում: Ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրետանային արկն ընկնում է նրանից քիչ հեռու, որի հետևանքով վիրավորվում են նրա զինակիցները: Անտեսելով վտանգն՝ Ազատը շտապում է օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան:  

Վաշտի հրամանատարը պատմում է, որ կրտսեր սերժանտ Ազատն աչքի է ընկել կազմակերպվածությամբ, իր առջև դրված խնդիրները պարտաճանաչությամբ կատարելու կարողությամբ: Զոհվելուց ժամեր առաջ նա սահմանից իր ընկերների և հարազատների միջոցով օգնել է Արցախից տեղափոխված ընտանիքի՝ ժամանակավոր կացարան գտնելու հարցում:

Նիկոլայի կարծիքով՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր նահատակված հերոսների նման լինել հայրենասեր ու նվիրված մայր հողին: «Գիտակցում ենք, որ Ազատի և բազմաթիվ զինվորների կիսատ թողած գործը մենք պետք է պատվով շարունակենք: Ուժ ու համբերություն մեր բոլոր զոհված հերոսների հարազատներին և ընկերներին»,-ասում է ապագա ռազմական բժիշկը:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում Արցախում անմահացած Ազատ Զաքարյանը Հրազդան քաղաքից էր: Քաղաքի բակերից մեկում տեղ գտած նրա՝ զինվորական համազգեստով դիմապատկերն անցորդներին հիշեցնում է՝  հողը արյունով են պահում...

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր