211652_close_icon
views-count2037 դիտում article-date 16:43 15-02-2021

«Բազմաբնակավայր համայնքներում կձևավորվեն նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ». հաստատվել է նախադպրոցական կրթության ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»:

Մոդելների ներդրման արդյունքում հանրապետության բազմաբնակավայր համայնքներում կձևավորվեն նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ հատկապես սոցիալապես անապահով  ընտանիքների համար ապահովելով մատչելիություն,  ներդնելով նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման արդյունավետ մեխանիզմներ: Բացի դրանից, նախադպրոցական կրթական ծառայություններ չմատուցող բնակավայրերում կձևավորվեն ցածր արժողությամբ (ծախսարդյունավետ) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող համայնքահեն հաստատություններ: Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ․

Տարբերակ 1.  Ծառայությունները 3.5-4 ժամ տևողությամբ են, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։

Տարբերակ 2. 8 ժամյա ծառայությունը կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։

Տարբերակ 3. 4-4.5 ժամ տևողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։

Տարբերակ 4. 8 ժամ ծառայությունը կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի համապատասխան շինություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։

Տարբերակ 5. Կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝  տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության` համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով, կամ առանց որևէ մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու՝ համայնքի տարբեր բնակավայրերում գործունեություն իրականացնելու միջոցով:

 Տարբերակ 6. Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:

Տարբերակ 7. Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար:

Տարբերակ 8. Նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է, որ մասնագիտական թիմը 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում կմատուցի նախադպրոցական ծառայություններ։

Գործընթացը կընթանա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում: Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն կտրվի նաև պետությունից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաև հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերին։

Նախարարությունը ֆինանսական միջոցները կհատկացնի դրամաշնորհի միջոցով, որոնք նախատեսված են նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության բարեկարգման, գույքով և սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման և երեխաների հետ աշխատող մայրերի (կամ համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատելու են որպես դաստիարակներ) համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու համար: Արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կընձեռնվի այլընտրանքային մոդելների ներդրման միջոցով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել այդ տարիքի բոլոր երեխաների համար:

Նմանատիպ նյութեր