211652_close_icon
views-count1518 դիտում article-date 23:59 21-12-2022

Սեւան համայնքի երեք բնակավայրում արդեն գործում է այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություն

Սեւան միավորված համայնքի Նորաշեն, Գեղամավան եւ Ծաղկունք բնակավայրերում առանց վճարի արդեն գործում է այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություն:

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  այս բնակավայրերը տարիներ շարունակ չեն ունեցել մանկապարտեզներ: Երեխաներին ծնողները տարել են հարակից բնակավայրեր, որտեղ գործել են մանկապարտեզներ:

Դեկտեմբերի 20-ին տեղի է  ունեցել  Նորաշենի, Գեղամավանի և Ծաղկունքի արդեն վերանորոգված, խաղահրապարակներով, գույքով ու դիդակտիկ պարագաներով հագեցած նախակրթարանների պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել  Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի, Սեւանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք ու բնակավայրերի բնակիչներ:

«Այս ծրագիրը կյանքի է կոչվել Սեւանի համայնքապետարանի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի համագործակցության շնորհիվ, «Ապագան՝ այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում՝ ԵՄ ֆինանսավորմամբ, որը դարձավ լավագույն նախադեպ` ծառայելով բնակավայրերի 3-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության գործի կազմակերպմանը: Այս ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով եւ ԵՄ-ի ֆինանսավորմամբ հանրապետությունում բացվել են արդեն 25 նման նախակրթական հաստատություններ:

Նախադպրոցական մանկավարժների վերապատրաստումներն իրականացրել է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը:

Ըստ այլընտրանքային նախադպրոցական կրթության այս մոդելի` նախակրթարանները ծառայություններ են մատուցելու 3-6 տարեկան երեխաներին` 10-15 հոգանոց խմբերով, որտեղ տարիքային բաժանումներ չկան: Երեխաները կենտրոններ են հաճախելու օրական 3-5 ժամ, շաբաթական 5 օր՝ անվճար հիմունքներով:

Սեւան միավորված համայնքի Նորաշեն, Գեղամավան եւ Ծաղկունք բնակավայրերում ծառայությունն այսուհետ գործում է` ապահովելով հավասար մեկնարկային պայմաններ բոլոր երեխաների համար:

Նորաշենի նախադպրոցական կրթության ծառայության հենակետային մանկապարտեզն է  Սեւանի Սերիկ Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզը, Գեղամավանինը՝ Դդմաշենի մանկապարտեզը, իսկ Ծաղկունքինը՝ Սեւանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզը»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Նմանատիպ նյութեր