211652_close_icon
views-count1166 դիտում article-date 17:04 13-02-2021

Գյումրու բժշկական կենտրոնում շահագործման է հանձնվել թթվածնային կայան

Գյումրու բժշկական կենտրոնում շահագործման են հանձնվել թթվածնային կայան և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիվանդանոցը 100 միլիոն արժողությամբ թթվածին արտադրող սարք է ձեռք բերել, որը կարող է արտադրել 240 բալոն թթվածին. թթվածնային կայանը հիմնվել է առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագրի արդյունքում։

Այն կբավարարի ոչ միայն Գյումրու բժշկական կենտրոնին, այլեւ հանրապետության մյուս հիվանդանոցներին։ Թթվածնային կայանն անհրաժեշտություն է կորոնավիրուսի բուժման ընթացքում։

«2020 թվականին, երբ բացվեց քովիդի բաժանմունքը, մենք ունեցանք թթվածին ապահովելու լուրջ խնդիր, քանի որ մարզի թթվածին ապահովելու հնարավորությունը 140-170 բալոն է, իսկ մենք սկսեցինք օգտագործել 200 և ավելի բալոն, օր է եղել՝ նույնիսկ 270 բալոն: Հիմա այս սարքն արդեն ի վիճակի է օրական 240 բալոն թթվածին արտադրել: Կայանն էլ կա և վերալիցքավորում է: Այսինքն, մարզն այլևս խնդիր չի ունենա: Հարկ եղած դեպքում այլ մարզերին կարող ենք մատակարարել»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:

Ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի հիմնումը հնարավորություն կտա Գյումրու բժշկական կենտրոնում արդյունավետ իրականացնել ինսուլտի ծրագիրը։ Տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում: Սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի բնակչությանն անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չհասնել մայրաքաղաք։  Արմեն Իսահակյանը նշեց, որ տնօրեն դառնալու առաջին օրվանից է ցանկացել, որ գյումրեցին մնա ու բուժվի տեղում: «Իսկ այս նոր սարքը հնարավորություն կտա ապրիլ-մայիսից կենտրոնում իրականացնել կյանք փրկող նոր ծրագիր, և ինսուլտ ստացած հիվանդն, օրինակ, էլ չի հասցվի մայրաքաղաք: Տեղում, շատ արագ անոթը կուսումնասիրվի, բուժումն արագ կկազմակերպվի»,-ասաց Արմեն Իսահակյանը:

Տոմոգրաֆիկ սարքավորումը նոր է գործարկվում, բայց արդեն կոնտրաստ նյութով հետազոտվողներ կան գրանցված: Ամեն ամիս այդ հետազոտության համար «Գյումրի» ԲԿ-ից մայրաքաղաք է ուղեգրվում 10-15 հիվանդ, տարեկան 200 մարդու մասին է խոսքը: Հիմա արդեն չեն գնա, կհետազոտվեն Գյումրիում: Այս թվի մեջ չեն մտնում նրանք, որոնք ինքնուրույն են գնացել Երևան և Շիրակի մարզի տարբեր համայնքներից են:

«Երևան տեղափոխումը շատ ծախսատար է: Մենք որոշեցինք վարկային՝ լիզինգով տոմոգրաֆիայի սարք տեղադրել։ Այն թանկարժեք սարք է, բայց հուսով ենք, որ կաբինետը այդ խնդիրը կլուծի»,-նշեց Արմեն Իսահակյանը:

 

Նմանատիպ նյութեր