211652_close_icon
views-count557 դիտում article-date 16:55 12-02-2021

«ՌՕՔԵՄՓ Հայաստան». նախագծի ավարտին նվիրված առցանց համաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մասնակցել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի ստեղծում» նախագծի ավարտին նվիրված առցանց համաժողովին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է, որ հայ-իտալական պատմական ու մշակութային կապերն ունեն դարերի պատմություն։ «Մենք համընդհանուր պատասխանատվություն ենք կրում մշակութային ժառանգության տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության համար. լինի դա Արցախում, Սիրիայում, Սբ. Ղազար կղզում, թե այլուր։ Եվ այս իմաստով ՌՕՔԵՄՓ կենտրոնը դիտարկում ենք իբրև միջազգային համագործակցության ընդլայնման, պետական քաղաքականության մշակման ու իրականացման հարթակ»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ կենտրոնը կարող է դառնալ երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում համատեղ ռազմավարությունների մշակման գործիք: Այդ համատեքստում Արա Խզմալյանը փաստել է, որ կենտրոնին հաջողվել է ստեղծել մասնագիտական համագործակցության, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, մասնագիտական գրականության թարգմանության և օրենսդրական դաշտի ուսումնասիրության կարևոր հարթակ։

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր գործընկերներին և նրանց, ովքեր իրենց ավանդն ունեն այս ծրագրի կայացման գործում՝ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությանը, Իտալիայի զարգացման գործակալությանը, Բոլոնիայի Ալմա Մաթեր Ստուդիորում համալսարանին, Հայաստանի ազգային պատկերասրահին և ՌՕՔԵՄՓ կենտրոնի տնօրինությանը»,- շեշտել է Արա Խզմալյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր ու հնարավորություններ և մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-իտալական արդյունավետ համագործակցության զարգացմանը:

Նշենք, որ 2019 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բոլոնիայի Ալմա Մաթեր Ստուդիորում համալսարանի միջև կնքված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ազգային պատկերասրահի կազմում ստեղծվել է ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնը: Նախագծի ֆինանսավորումը 70%-ով իրականացրել է Զարգացման իտալական գործակալությունը, 15%-ը՝ Բոլոնիայի համալսարանը, իսկ 15%-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 15 ամսվա գործունեության արդյունքում կենտրոնն իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ «Հայկական մշակութային ժառանգության խթանումը Եվրոպայում և ՌՕՔԵՄՓ կենտրոնի դերը», «Հուշարձանների վերականգնման որակի չափորոշիչներ. աշխատանքային գծագրերից մինչև իրականացում» թեմայով կլոր սեղաններ, «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով և այլն: «ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարման ծրագիր թանգարանների և արգելոց թանգարանների համար» նախագծի շրջանակում իրականացվել է մշակութային հաստատությունների կարիքների գնահատում, ՀՀ 5 մարզերի 36 թանգարաններ և արգելոցներ ստացել են աջակցություն։

Կենտրոնն իրականացրել է նաև գիտահետազոտական աշխատանքներ՝ մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման, պատմաճարտարապետական հուշարձանների ամրակայման ու վերականգնման աշխատանքներում միջազգային լավագույն փորձի ներդրման և ՀՀ կառավարությանն առաջարկություն ներկայացնելու նպատակով: Այն իրականացրել է նաև մասնագիտական գրականության թարգմանչական աշխատանքներ, որոնցից մի քանիսը շուտով լույս կտեսնեն։

«ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարման ծրագիր թանգարանների և արգելոց թանգարանների համար» նախագծի շրջանակում ՌՕՔԵՄՓ կենտրոնը նախատեսում է վերապատրաստման դասընթաց մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների համար՝ Սմիթսոնյան հաստատության և ՀՀ փորձագետների ներգրավմամբ։ Նախապատրաստվում է «Աղետների ժամանակ ռիսկերի կառավարման դասընթաց», ինչպես նաև Կումայրի-Գյումրի մշակութային քարտեզագրում, մշակութային ժառանգության տարածաշրջանային ինտերակտիվ քարտեզի ստեղծում, Խորանաշատի վանքային համալիրի արագ միջամտության ամրակայման ծրագիր, պատկերազարդ հայերեն ուղեցույցի հրատարակում և այլն:

Նմանատիպ նյութեր