211652_close_icon
views-count3943 դիտում article-date 23:28 10-02-2021

Գորիս-Կապան, Կապան-Մեղրի ցամաքային կապը մերը չէ, Գորիսից հարավ չենք կարող ռազմամթերք տեղափոխել, որ առաջիկա պատերազմում Սյունիքը հանձնվի առանց կրակոցի. Հրանտ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուտասանը ինչ ուզում՝ անում է, նա անբարո է, սահմանադրորեն իրավունք չունի տարածք սահմանազատելու, մինչդեռ հուշագիր է կնքել Սյունիքում դիրքեր զիջելու մասին. Նիկոլն է ասել՝ չկրակեք Շուշի բարձրացող ադրբեջանական զորքի վրա, նա չգիտի՝ կա՞ սահման ՀԽՍՀ-ի և ԱդրԽՍՀ-ի միջև, չգիտի, որ խորհրդային տարիներին մի քանի սահմանազատում է եղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սահմանադրության պահպանման երաշխավոր Արմեն Սարգսյանը հիմար-հիմար խոսում է չորրորդ հանրապետությունից, նա մեծամիտ է և դատարկ, չի կատարում իր պարտականությունները: Ադրբեջանը կաշառք է տվել, որ սահմանազատումը հօգուտ իրեն լինի, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի ցամաքային կապը մերը չէ, շրջանցիկ ճանապարհներ գրեթե չկան: Դեպի Տավուշ տարին երեք անգամ ճանապարհ էին վերանորոգում, շատ փող կար այնտեղ առանց մրցույթի, լափում էին այդ փողը, սա տոտալ կոռուպցիա է»,- ասել է նախկին վարչապետը:

Ըստ Բագրատյանի՝ կառավարող թիմի երազանքը Հայաստանը վերացնելն է, որ իրենց պատասխանատվության կանչող չլինի. «Ադրբեջանցիները նստում են սահմանագծի վրա, մեր սահմանապահներին ստիպում նահանջել, Երևանից զանգում ասում են՝ արեք այն, ինչ ձեզ ասում են: Գորիսի և Կապանի քաղաքապետերը չլինեին, մի տասը կիլոմետրով նահանջել էինք: Ադրբեջանցիները լկտիաբար կանգնեցնում են մեր մեքենաները, ասում են՝ վտանգ ենք զգում: Այսօր մենք դեպի Կապան և Մեղրի փաստացի չենք կարող ռազմամթերք տեղափոխել, նրանք այդ քաղաքները զրկում են պաշտպանունակությունից, որ առաջիկա պատերազմում առանց կրակոցի գրավեն»:

Նախկին վարչապետի պնդմամբ՝ ադրբեջանցիներն այսօր Կապանի մոտ 70 տոկոսի նկատմամբ դիրքային վերահսկողություն ունեն, դիպուկահար հրացաններով կարող են ցանկացած մեկին տան մեջ սպանել. «Սյունեցի քաղաքապետերը հասկանում են՝ իրենց քաղաքներին ինչ է սպասում: Մենք ոչ թե այնտեղ, այլ այստեղ երկու դավաճանի՝ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ անելիք ունենք: Երկուսն էլ արևմտյան լրտեսներ են: Այսօր Արցախի հարցերն Ադրբեջանն ու Ռուսաստանն են որոշում, մի քանի փաստաթղթեր էլ կան: Թող վաղը Արայիկ Հարությունյանը չասի՝ չէինք զգուշացնում, թող ասի՝ Նիկոլ Փաշինյան, չերևաս Արցախում»:

Հրանտ Բագրատյանի պնդմամբ՝ Փաշինյանը չի կարող արտահերթ ընտրություն թույլ տալ, քանի որ հասկանում է՝ ինքը պարտվելու է, թեև ընտրություններից հրաժարվելու մեղքը փորձեց բարդել ընդդիմադիրների վրա:

«Նա ավանտյուրիստ է, ոչ թե պետական գործիչ: Ալիևը փող է ծախսում, որ Նիկոլը մնա իշխանության, ժողովրդին փող են բաժանելու ադրբեջանական աղբյուրներից: Նա ստահակ է, սուտասան, վկան այս հուշագիրն է: Մեկը չասաց՝ որ բանավոր պայմանավորվել ես, որտե՞ղ է ֆիքսված հայ-ադրբեջանական սահմանը, ո՞ր քարտեզով ենք առաջնորդվում: Եթե Ալիևին ասեինք, երևի ավելի մեծ բարեխղճության կարժանանայինք, Փաշինյանը ոչ թե մեր ղեկավարն է, այլ Ալիևի դրածոն, որն անընդհատ փորձում է ստանալ նրա բարեհաճությունը: Հիմա էլ Ստեփանակերտին կից ուզում են մի թաղամաս կառուցել, եթե Ալիևը թույլ տա, բայց Բաքվից Արցախի նախագահին կզանգեն ու կասեն՝ չհամարձակվեք, մենք այդտեղ ադրբեջանցիների ենք բնակեցնելու»,- ամփոփել է Հրանտ Բագրատյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր