211652_close_icon
views-count1892 դիտում article-date 21:20 10-02-2021

Հաճելի է, որ չեմ մոռացվել. Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյան

  1. «Պարտավորեցնող լինելու ոչինչ չկա։ Ես սպորտից ինքնակամ չեմ հեռացել։ Երբ կհրավիրեն, ես պատրաստ եմ, գնալուց էլ եմ ասել։ Հաճելի է, որ չեն մոռացել։ Այսինքն՝ ես դեռ կամ։ Շնորհակալ եմ ուշադրության համար»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրաձգության Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը:

61-ամյա Պետիկյանն այսօր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի կողմից պարգևատրվեց «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշանով, հայտնում է Armsport.am-ը:

Անվանի մարզիկի խոսքով, այս կոչումն իր համար ուշացած չէր. «ինչ-որ տեղ գրած չէ, թե ով երբ պետք է ստանա։ Չեն ցանկացել այսքան ժամանակ տալ՝ չեն տվել, հիմա ուզեցել են` տալիս են»,-ասաց Պետիկյանը։

Խոսելով  Հայաստանում հրաձգություն մարզաձևի ներկայիս վիճակի մասին՝ Պետիկյանը նշեց.
«Ինչքանով ես եմ տեղյակ՝ ոչինչ չի փոխվել։ Միգուցե լավ արդյունքներ կան։ Նայած ինչ ենք մենք ուզում այս կյանքից և ինչի ենք պատրաստ։ Դրանից ելնելով պիտի հարցեր տանք։ Եթե ուզում ենք բարձրակարգ մարզիկներ՝ պետությունը դրա համար ոչինչ չի անում։ Հայաստանում հրաձգություն մարզաձևը միգուցե այդքան էլ պետք չէ, որ չեմպիոններ ունենանք, բայց հայ ազգը պիտի կրակողներ շատ ունենա։ Եղել է ժամանակ, երբ հրաման է եղել, որ Հայաստանում 17 հրաձգարան կառուցվի, բայց կյանքի չի կոչվել։
Մասիվի հրաձգարանը կարող է լուծել 20-25 հազար բնակիչ ունեցող թաղամասի խնդիր, բայց դա բավարար չէ։ Այսօր հրաձգությամբ զբաղվող երեխային փամփուշտներ են պետք, թիրախներ են պետք, մարզվելու հնարավորություններ են պետք։ Ո՞վ է դա տալիս։ Ժամանակին որ ստեղծողը ստեղծում էր, ասում էին, որ մեզ պետք չէ,-ասաց Պետիկյանը։

Հարցին, թե ում նկատի ունի անվանի մարզիկը, Պետիկյանը պատասխանեց․
«Այն ով արել է, նա էլ գիտի։ Իրենց համար չակերտները բաց է»-նշեց Պետիկյանը:

Նմանատիպ նյութեր