211652_close_icon
views-count10639 դիտում article-date 17:47 06-02-2021

Նաիրա Զոհրաբյան. Փաշինյանի հրաժարականի հաջորդ օրն իրենք բոլորը դատվելու են, այդ թվում՝ Նիկոլի գրպանում գտնվող 4 օլիգարխները. 168.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իշխանությունների նախաձեռնած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով:

«Այս կերպ փորձ է արվում փակել անհաճո լրատվամիջոցների բերանը: Բնականաբար, սա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, իր հիմնական թիրախը տելեգրամյան ալիքներն են՝ «Mediaport», «Dejavu» և այլն, որոնք շատ լայն հանրային տարածում են ստանում և շատ արագ: Հատկապես «Mediaport»-ի հրապարակած բազմաթիվ տեղեկություններ այնուհետև հաստատվում են պաշտոնական հաստատումներով, ուստի, սա միանշանակ է, որ կոնկրետ թիրախավորված են այդ մի քանի տելեգրամյան ալիքները:

Նպատակը մեկն է, որպեսզի այդ տելեգրամ ալիքների տեղեկատվությունը լրատվամիջոցները չվերցնեն և չտարածեն, այլապես լրատվամիջոցն ինքը կընկնի սանկցիաների և պատասխանատվության տակ: Ես արդեն նույնիսկ դժվարանում եմ հաշվել այն հակասահմանադրական նախաձեռնությունները, որոնք արել է ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից խոսող, ԱԺ ամբիոնից՝ «ըստ օդում կախված լուրերի» վրա հենվելով՝ մարդկանց սպանությունների, թալանի, կոռուպցիայի մեջ մեղադրող անձը: Հիշեք՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները՝ 90 տոկոսով այդ ելույթները սկսվել են՝ «ըստ օդում կախված լուրերի» արտահայտությամբ: Փաշինյանն «ըստ օդում կախած լուրերի»՝ մարդկանց մեղադրել է սպանություններ կատարելու, թալանի, մարդ առևանգելու մեջ, այսինքն՝ այս մարդը, որի քաղաքական և լրագրողական կարիերայի հիմնական լեյտմոտիվը եղել են օդում կախված լուրերը, հիմա փորձում է այս կերպ բլոկադայի ենթարկել ազատ խոսքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ իմքայլական մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծը ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում։ Իշխանության ներկայացուցիներն առաջարկում են լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրներին։ Անանուն աղբյուրը, ըստ նրանց ներկայացրած նախագծի՝  համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ պաշտպանում է լրատվական, հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, որ սա ուղղակի խնդրահարույց նախագիծ է.

«Ես իմ դիտարկումներն ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով: Այս նախագիծը բացարձակապես կապ չունի ֆեյքերի դեմ պայքարի հետ: Ֆեյքերը ստեղծել են իրենք, թող փակեն իրենց ՊՈԱԿ-ը, հանձնարարեն իրենց գրպանում բնակվող օլիգարխներին դադարեցնել բոլոր ֆեյք ինդուստրիաները, և մեկ ժամում սոցիալական դաշտը կմաքրվի աղտից, ապականությունից: Այնպես որ, իրենց հռչակած թեզերը որևէ կապ չունեն իրականության հետ, այս ամենն արվում է կոնկրետ տելեգրամյան ալիքները լռեցնելու և փակելու համար, որովհետև այդ տելեգրամյան ալիքներն այլևս շատ ավելի լայն հանրային լսարան են գրավում»:

Մանրամասները՝ 168.am-ում

Նմանատիպ նյութեր