211652_close_icon
views-count7879 դիտում article-date 10:06 05-02-2021

ՊՆ-ն չգիտի ինչ անել և ինչպես, իսկ թշնամի երկրում մեծ զորավարժություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը՝ Արևմտյան Հայաստանի, իսկ այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում համատեղ զորավարժություն են անցկացնում, սակայն Հայաստանի իշխանություններին, առավել ևս՝ պաշտպանական գերատեսչությանը այդ փաստը, կարծես թե, այնքան էլ չի հուզում: Ավելին՝ անգամ հակաքայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվում՝ բավարարվելով մեկ-երկու հայտարարություն տարածելով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 29-ին այսպիսի բովանդակությամբ հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին. «Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։ Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, և, առհասարակ, ինչ ծրագրեր կան այս մասով»: Եվ, ահա, այս հարցումից օրեր անց՝ երեկ, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից այսպիսի ուշագրավ պատասխան է ստանում. «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Նկատենք՝ այս դեպքում խոսքը 30-օրյա ժամկետի մասին է, որը լրանում է մարտի 1-ին, այսինքն՝ զորավարժությունների ավարտից 16 օր անց նոր պատասխան կունենանք թուրք-ադրբեջանական զորավարժությունների և մի պարզ հարցի՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, թե ոչ: Նշենք, որ խոսքը մեծամասշտաբ զորավարժությունների մասին է, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերը, և ներգրավված են տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ օգոստոսին Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ անցկացրին Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում, դրան հաջորդեց արցախյան 44-օրյա դաժան կանոններով պատերազմը, և գոնե այս փաստը պետք է սթափեցնող հանգամանք հանդիսանա ՀՀ գործող իշխանությունների և պաշտպանական գերատեսչության համար: Սակայն, կարծես թե, դա այդպես չէ, և ՊՆ-ն, անհասկանալի է, ինչ է մտածում նոր ծրագրերի, բանակը վերազինելու վերաբերյալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր