Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Տիգրան Չոբանյանի ձերբակալումը․ փաստաբան
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հայ ազգային գվարդիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ձերբակալումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Միքայել Շխիմյանը:
«Քիչ առաջ Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս, Հայ Ազգային Գվարդիանի նախագահ Տիգրան Չոբանյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը(հիմնավոր կասկածի բացակայությամբ):
Տ. Չոբանյանը մեղադրվում էր ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում զավթելու փորձ կատարելու մեջ: Կեցցե ՀՀ Դատարանը, ի դեմս արդարամիտ Դատավոր Ա.Հովհաննիսյանի!!!»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ՝ հունվարի 29-ին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։