1584 դիտում
15:11 30-01-2021
Մինչ ամբողջական ընդունումը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը պետք է անցնի հանրային քննարկումների փուլ․ ՀԱԳՄ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում չներառելու ակնկալիքով՝ այն երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ հանրային ու մասնագիտական լայն քննարկման դնելու նպատակով։
ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովն առաջ է քաշել օրենքի նախագծում առկա մի շարք խնդիրներ, որոնց առկայությունը ենթադրում են բացառապես պատժիչ գործընթացներ՝ առանց հաշվի առնելու տնտեսվարողների շահերը և ընդհանուր պետական համակարգի կայացվածության մակարդակը։
Ըստ փորձագիտական խմբի եզրակացության՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հասկանալի և կանխատեսելի մարմին չէ տնտեսվարող սուբյեկտների համար։ Անհասկանալի են ուսումնասիրությունների իրականացման մեթոդները, ընթացակարգը, այն չափորոշիչները, որոնցով ընտրվում են շուկայի ուսումնասիրության մասնակիցները։ Եթե օրենսդրությունը նախատեսում է կարճ ժամկետներ և խոշոր տուգանքներ, Հանձնաժողովը պետք է օրենքով պարտավորված լինի հրապարակել ոլորտային ուսումնասիրությունների չափորոշիչները և մեթոդաբանությունը։
Նախագծով չի բարելավվում տնտեսվարողների որևէ իրավունք։ Նրանցից պահանջվող հիմնական տեղեկությունների ծավալն առկա է մաքսային և հարկային վարչարարության շրջանակներում ձևավորված շտեմարաններում՝ ներմուծման գներ, իրացման ծավալ, ռեգիստրի, կադաստրային տվյալներ և այլն։ Բոլոր պետական մարմինները շարունակական հավաքում են տեղեկություններ, որոնք պետք է հասանելի լինեն նաև Հանձնաժողովին, գտնվեն մշտական դիտարկման տակ և վերջինիս տրամադրվեն բացառապես պետության կողմից։ Մինչդեռ, Հանձնաժողովի բազմաթիվ հարցումներ վերաբերում են հենց նմանատիպ տեղեկություններ պահանջելուն։ Պետությունը պարտավոր է ստեղծել բարենպաստ պայմաններ և անհարկի չմիջամտել տնտեսվարողի գործունեությանը, նյութեր չպահանջել, եթե այդ տեղեկությունները կարող է ստանալ այլ մարմիններից։ Օրենքում սա պետք է հստակ ամրագրված լինի, որպեսզի հնարավորություն ստեղծվի խուսափել ցանկացած չարաշահումից։
Մտահոգության առիթ է այն, որ տնտեսվարողների հետ թափանցիկ չեն քննարկվում օրենքի փոփոխությունները, խստացումները և տուգանքների բարձրացումն առաջացնող պատճառներն ու հիմքերը։
ՀԱԳՄ փորձագետների համոզմամբ՝ նախորդ տարիների վարչարարությունը ցույց է տվել, որ, երբ պետական մարմինն ունենում է ուղղակի միջամտելու, հաշիվներին արգելանք դնելու և խոշոր տուգանքներ կիրառելու իրավունք, ապա դա միշտ բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա։ Չի կարող պետությունը ձեռնարկատիրոջը տրամադրել վատ ծառայություն՝ դատական գործերի, մաքսային, հարկային վարչարարության հետ կապված և այլն, սակայն Հանձնաժողովին տալ ուղղակի միջամտելու, ակտիվներին արգելանք դնելու իրավունք։ Այս և նախագծում առկա այլ բացթողումները հանգեցնելու են խոշոր տուգանքների, վատ մեթոդաբանությամբ և չափորոշիչներով վարույթների, գույքի վրա արգելանքի, որոնց պարագայում տնտեսվարողը կամ սննկանալու է կամ նախաձեռնելու է կաշառք տալու և արագ «փրկվելու» գործընթացներ։
Գործարարները մտահոգված են, որ օրենքի նախագիծը քննարկման է դրվել այն փուլում, երբ երկրի տնտեսությունը զբաղված է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած ծանր հետևանքների վերացմամբ։ Օրենքի նախագծի ընդունումը տնտեսության համար կարող է ունենալ ծայրահեղ ազդեցություն, ուստի, ՀԱԳՄ-ում համոզված են, որ մինչ ամբողջական ընդունումն, այն էական լրամշակման կարիք ունի և պետք է հանրային քննարկումների ողջամիտ փուլ անցնի։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում