211652_close_icon
views-count1611 դիտում article-date 11:55 11-02-2021

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ոչ միանշանակ է ընդունվում մասնագիտական շրջանակների կողմից

ՀՀ Ազգային ժողովում  առաջին ընթերցմամբ ընդունված   «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը շարունակում է բուռն քննարկումների ու վերլուծությունների ենթարկվել, դրանում ներառնված դրույթները ոչ միանշանակ են ընդունվում ձեռնարկատիրությամբ զբաղվողների ու մասնագիտական շրջանակների կողմից։

Օրենքի հերթական քննարկումը փետրվարի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների միությունում՝ վերջինիս անդամների ու մասնագիտացված փորձագիտական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանգամանալի ներկայացվեցին նախագծում տեղ գտած բոլոր այն կետերը, որոնք ոչ միայն չեն բարելավում տնտեսվարողների ազատ մրցակցային գործունեության պայմանները, այլև լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում՝ տնտեսական դաշտում ավելացնելով ևս մեկ պատժիչ մարմին։ Նշվեց, որ միջազգային մի շարք երկրների օրենսդրությունից մեխանիկորեն վերցված գործիքակազմը ներառելով՝ հաշվի չեն առնված հայրենական տնտեսության առանձնահատկությունները։ Արձանագրվեց, որ նախագծում պարունակվող նորմերը սահմանում են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի նոր կարգավորումներ, որոնք անհանգստացնող են գործարար համայնքի համար: Դրանք Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին օժտում են աննախադեպ լայն՝ պատժելու, արգելելու, բռնագանձելու լիազորություններ, ինչպես նաև այդպիսի գործառույթի համար ծավալուն և չարդարացված իրավական փաստերի նոր համակարգ:

Հաշվի առնելով, որ նախագիծը սահմանում է նոր հայեցակարգ տնտեսական մրցակցության օրենսդրական կարգավորման համար, ինչի ընդունումն, իրավամբ, կխաթարի ազատական տնտեսության ընթացքը, մասնավորապես հետհամավարակային և հետպատերազմական Հայաստանում, ՀԱԳՄ անդամները որոշեցին շարունակել աշխատանքը օրենսդիր և գործադիր մարմինների  հետ՝ խնդրո առարկա  նախագծի հետագա ընթացքը քննարկելու ուղղությամբ։  
 
Հիշեցնենք, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հունվարի 30-ին նամակով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում չներառելու ակնկալիքով՝ այն մինչ երկրորդ ընթերցմամբ ընդունելը հանրային ու մասնագիտական լայն քննարկման դնելու նպատակով։ 
 

Նմանատիպ նյութեր