211652_close_icon
views-count10816 դիտում article-date 09:51 25-01-2021

Տպագիր մամուլում «Առավոտը» շարունակում է մնալ առաջին հորիզոնականում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին հանրության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում տպագիր մամուլում, որպես անկախ և ազատ օրաթերթ, իր դիրքն է շարունակում պահպանել «Առավոտ» օրաթերթը։ Իզուր չէ, որ օրաթերթը, նույնիսկ սոցիալական այս ծանր պայմաններում, իր ուրույն տեղն ունի հանրության շրջանում։ Գաղտնի չէ նաև, որ պետական գրեթե բոլոր կառույցներում պետական չինովնիկներն իրենց աշխատանքային օրը սկսում են «տնտղելով» «Առավոտը»։ «Առավոտը» դարձել է նաև հարթակ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության նեկայացուցիչների համար, ովքեր իրենց կարծիքն են հրամցնում հանրությանը «Առավոտի» միջոցով։ Իսկ «Առավոտի» բոլոր խմբագրականները, որոնց հեղինակը գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն է, զսպաշապիկ են շատ պաշտոնյաների համար։ «Առավոտը» լրատվական դաշտին բազմաթիվ լրագրողներ է տվել, ինչպիսին են սիրված ու ճանաչված լրագրողներ Աննա Իսրայելյանը, Մարգարիտ Եսայանը, վաղամեռիկ Նաիրա Մամիկոնյանը, մշակութային նյութերի հեղինակ Գոհար Հակոբյանը, խմբագրի տեղակալ Վոլոդյա Պետրոսյանը, լրագրողներ՝ Հռիփսիմե Ջեբեջյանը, Նելլի Գրիգորյանը, Սամվել Դանիելյանը, Մելանյա Բարսեղյանը, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Էմմա Գաբրիելյան, Լուսինե Բուդաղյանը, Նելլի Բաբայանը, Լուիզա Սուքիասյանը, սպորտային էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը, անգլերենի էջի պատասխանատու Մարգարիտա Հարությունյանը, ինչպես նաև՝ Տաթև Հարությունյանը, Արփինե Սիմոնյանը, ինչպես նաև՝ մարզային լրագրողներ Նունե Արևշատյանը, Տաթևիկ Ղազարյանը, Արմեն Դավթյանը, Սաթենիկ Հովսեփյանը և այլոք։ «Առավոտն» ունի նաև էթիկայի իր վարքականոնը։ Էթիկայի վարքականոն Երբեմն պետք է հիշեցնել ընթերցողներին, թե ինչ սկզբունքներով է աշխատում «Առավոտը»: Ուստի ներկայացնում ենք այն մասնագիտական եւ էթիկական կանոնները, որոնց կամավոր կերպով հետեւում են մեր լրագրողները. 1. «Առավոտի» լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի եւ ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները: 2. «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: Այն անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի «Առավոտի» նույն նյութում կամ հաջորդ օրերին տպագրվելիք նյութերում պարզաբանում կամ պատասխան տալ: 3. «Առավոտի» լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից: 4. «Առավոտը» չի արտահայտում որեւէ քաղաքական խմբի տեսակետը: «Առավոտը» բաց է անխտիր բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների առջեւ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք: «Առավոտի» լրագրողներն ու խմբագիրը աշխատում են հավասարակշռել արտահայտած տեսակետը՝ նույն խնդրով ընդդիմախոսի տեսակետով: 5. Առաջին էջում տպագրված մեկնաբանությունը նրա հեղինակի անձնական կարծիքն է, չի արտահայտում խմբագրության տեսակետը եւ որեւէ ձեւով չի ազդում մնացած նյութերի ուղղվածության վրա: 6. «Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը: 7. «Առավոտի» լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակել մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը: 8. «Առավոտի» լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների եւ կոռուպցիոն երեւույթների հետ: 9. «Առավոտի» լրագրողները պետք է ձեռնպահ մնան սոցիալական ցանցերում հանդես գալ այնպիսի գրառումներով, որոնք կարող են ընկալվել որպես կողմնակալության եւ նախապատվության արտացոլում: «Առավոտի» լրագրողները պետք է գիտակցեն, որ սոցիալական ցանցերում նրանց հետ կապված ցանկացած բովանդակություն համարժեք է նրան, ինչը հայտնվում է թերթում կամ կայքում այդ լրագրողների հեղինակությամբ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ, ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ, ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ, ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ, ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ, ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ: Նույն սկզբունքների հետ իրենց համաձայնությունն են հայտնել «Առավոտի» արտահաստիքային լրագրողները. Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր