Բայդենի հրամանով ԱՄՆ-ը վերադառնում է ԱՀԿ և Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիր․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդընը իր երդմնակալության արարողությունից հետո Կոնգրեսի նախագահի աշխատասենյակում ստորագրել է երեք փաստաթուղթ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5745517.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Բայդընը ստորագրեց երդմնակալության օրվա հռչակագիրը և կառավարության անդամների առաջադրումների մասին որոշումներ: Իր պաշտոնավարման առաջին իսկ օրը մի շարք գործադիր հրամանների ստորագրումը Բայդընի նախընտրական խոստումներից մեկն է, որը վերաբերում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին չորս տարիների ընթացքում ընդունած շատ որոշումների վերանայմանը:
Չորեքշաբթի օրը Բայդընի անցումային թիմը իր հայտարարության մեջ ասել է, որ այս հրամաններից մի քանիսը ներառում են կորոնավիրուսի ճգնաժամի, ներգաղթի և կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր որոշումներ:
ԱՄՆ Կապիտոլիումում նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց գրեթե անմիջապես հետո Բայդընի օգնականները հայտնեցին, որ նախագահը վերացնում է որոշ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրներից ԱՄՆ մուտք գործելու արգելքը, դադարեցնում ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը և վերականգնում ԱՄՆ-ի մասնակցությունը Փարիզի կլիմայի համաձայնագրում ու անդամակցությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
Հիշեցնենք, որ 2020-ի մայիսի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՀԿ-ի հետ հարաբերությունները խզելու մասին` պանդեմիային կազմակերպության արձագանքի հետաքննության արդյունքում և «Չինաստանից կազմակերպության տագնապալի կախվածության պատճառով»:
Իսկ կլիմայական համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփը հայտարարել էր 2017-ի հունիսին։