211652_close_icon
views-count2015 դիտում article-date 23:22 15-01-2021

Մասնագիտացված դատավորների ինստիտուտ հիմնելը վտանգավոր նախաձեռնություն է, մենք սա համարում ենք զուտ քաղաքական իշխանության գործողություն, վեթթինգի սերիայից մի մաս. Արա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունը ներդնում է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացման համակարգ: Այս հարցի վերաբերյալ [url=https://www.tert.am/am/news/2021/01/15/zohrabyan/3496632?fbclid=IwAR0FjBCZ4JCPwWMPzlO4-eh_pQG1R0OzR5yCYowgFTKBN-TTXOir1JRpe28]Tert.am[/url]-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ մի շարք խնդիրներ կան, օրինակ՝ թվաքանակը ավելանալու հարցով դատավորների նշանակման գործընթացը հետքայլ է գրանցում։ «Ակնհայտ է, որ այստեղ դրվում է քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների ինստիտուտ: Ինչու, որովհետև ստացվում է, որ գործող դատավորները, որոնք որոշելու են, որ այդ մինչդատական վարույթներով պետք է զբաղվեն (իսկ դրանց մեջ մտնում են ձերբակալման անօրինականությունը ստուգելը, կալանքը տալը, երկարաձգելը, խուզարկությունները, գաղտնալսումները և այլն), կարող են լինել միայն նրանք, որոնք այս նոր ճանապարհով դարձել են դատավոր, և գործող դատավորները, որոնք անցել են որոշակի վեթթինգ։ Սա մեզ անհանգստացնում է, որովհետև նմանատիպ նախաձեռնությունները մեզ մոտ միշտ սկսվում են այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը սկսում է դժգոհել դատական իշխանությունից»,-ասաց նա։ Վերջինս հիշեցրեց դատարանների շրջափակումները, վեթթինգի, անցումային արդարադատության մասին խոսակցությունները։ «Դրան նախորդել է ինչ-որ կոնկրետ գործով վարքագիծ, որ իրենք համարել են, որ իրենց քիմքին հաճո չէ»,-նշեց նա։ Անդրադառնալով դրա վտանգավորությանը՝ Զոհրաբյանն ասաց, որ եթե այսօր սովորական դատավորին պատրաստելու համար օրենսդիրը սահմանել է մոտ 10 ամիս՝ 7 ամիս ընդհանուր ուսուցում և առնվազն 3 ամիս՝ փորձուսուցում, ապա այս դեպքում նախատեսվել է առավելագույնը 2 ամիս։ «Պարզ է, որ այս ժամանակահատվածում մենք չենք կարող պրոֆեսիոնալ դատավորներ պատրաստել և որակական լուրջ նահանջ կունենանք»,-նշեց նա։ Դիտարկմանը, թե Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ 1 ամիսն էլ է բավական, քանի որ դատավորները պարզապես վերապատրաստում են անցնելու, Զոհրաբյանն արձագանքեց՝ դատավորների առջև որակական ավելի մեծ պահանջներ են դրված, հետևաբար՝ նրանց որակական պահանջներին «մատների արանքով» նայելը լուրջ նահանջ է։ «Ես կարծում եմ՝ սա շատ վտանգավոր նախաձեռություն է, դրանով պայմանավորված՝ մենք սա համարում ենք զուտ քաղաքական իշխանության գործողություն, և այն վեթթինգի, անցումային արդարադատության սերիայից ինչ-որ մի գործողություն է»,-ասաց նա։ Զոհրաբյանն ընդգծեց՝ ՀՀ-ում կա եռաստիճան դատական համակարգ, որը կոչված է հնարավոր սխալները շտկելուն։ «Նախկինում կալանավորման միջնորդությունների մոտ 95 տոկոսը բավարարվում էր, և փաստաբաններս միշտ բողոքում էինք, որ դատավորները կարծես վարույթն իրականացնող մարմինների նոտարները լինեն, հիմա որոշակի բան է փոխվել, և դատական իշխանությունն իրեն անկախ է համարում և փորձում է իշխանության քիմքին հաճո որոշումներ չկայացնել։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել, ասում էր՝ դատական համակարգի նկատմամբ չի լինելու որևէ միջամտություն, բայց հիմա փորձը ցույց է տալիս, որ գործադիր իշխանությանը պետք չեն անկախ դատավորներ»,-ասաց Արա Զոհրաբյանը։ Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամների համալրման հարցին՝ Արա Զոհրաբյանն ասաց, որ խնդրահարույց հարցեր կան, բայց նաև օրենքում պարզ շարադրված է, թե ովքեր կարող են լինել ԲԴԽ անդամներ: Մանրամասները տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր