211652_close_icon
views-count1534 դիտում article-date 15:04 09-01-2021

Այսօր ծնվել է Սերգեյ Փարաջանովը. ողբերգական սեր, բանտարկություն, Վիսոցկու հետ մտերմություն և այլ հետաքրքիր փաստեր հանճարեղ ռեժիսորի մասին

Նա ստեղծեց իր գույները, իր պատկերցումներն աշխարհի մասին ու դրանով ոգեշնչեց ամբողջ աշխարհին: Սյսօր` հունվարի 9-ին, ծնվել է հանճարեղ հայ, լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: ՀԽՍՀ եւ ՈւԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում ստացած ռեժիսորն այսօր կդառնար 97 տարեկան: Փարաջանովին անվանում էին խենթ, հանճար, տարօրինակ, նրան հաճախ քննադատում էին, մեղադրում, բայց ավելի հաճախ հիանում նրանով ու փորձում բացահայտել նրա տաղանդի գաղտնիքները: 1942 թվականին Սերգեյ Փարաջանովն ընդունվել է Թիֆլիսի երկաթուղային տրանպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց հասկացել է, որ արվեստն ավելի մոտ է իր հոգուն եւ հեռացել ինստիտուտից` ուսումը շարունակելով 2 տարբեր բուհերում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժնում եւ Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանում: Իսկ 1945-ին տեղափոխվել է Մոսկվայի կոնսերվատորիա: Նա միաժամանակ ընդունվել է նաեւ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։ 1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962 թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը եւ արժանացել 28 տարբեր պարգեւների: Ֆիլմը գուցուլների (ուկրաինացիների էթնիկական խումբ) մասին է. այնտեղ ներկայացված է ոչ միայն ժողովրդական ծեսերի, հավատալիքների, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր մի աշխարհ, այլեւ բացահայտված է մարդու ներաշխարհը` իր հույզերով ու զգացումներով: Ուսանողական տարիներին Փարաջանովն ամուսնացել է Նիգրյա անունով ազգությամբ թաթար մի աղջկա հետ: Վերջինը Փարաջանովի հետ ամուսնացել էր առանց իր ծնողներին տեղյակ պահելու, իսկ երբ նրանք իմացել են այդ ամուսնության մասին, հայ ռեժսորից, իրենց սովորությունների համաձայն, փոխհատուցում են պահանջել: Ուսանող Փարաջանովը գումար է խնդրել հորից, սակայն վերջինը չէր կարողանում ներել որդուն` կինոռեժիսուրան որպես մասնագիտություն ընտրելու համար (հայրը ցանկանում էր, որ որդին գնար իր հետքերով եւ դառնար հնէագետ) եւ մերժում է նրան, որից հետո Նիգրյայի ծնողները պահանջում են, որ աղջիկը բաժանվի ամուսնուց եւ վերադառնա տուն: Նիգրյան հրաժարվում է կատարել այդ պահանջը, ինչի արդյունքում հարազատները աղջկան գնացքի տակ են նետում: Այսպիսի ողբերգական ավարտ է ունենում Փարաջանովի առաջին ամուսնությունը: Փարաջանովը մեծ գին է վճարել սովետական կինոմատոգրաֆիան եւ իշխանություններին քննադատելու համար: «Նռան գույնը» ֆիլմից հետո սովետական կինոընկերությունները մերժեցին նրա բոլոր նախագծերը, իսկ 1973 թ-ին կինոռեժիսորին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով: Նա 5 տարի անցկացրեց ուկրաինական բանտում, որտեղից դուրս գալուց հետո դեռ երկար ժամանակ առանց աշխատանքի էր։ Կինեմատոգրաֆ նրան չէին կանչում, թեեւ նա հասցրել էր գրել ավելի, քան 17 սցենար, սակայն դրանցից ոչ մեկը պահանջարկ չունեցավ։ Նույնիսկ, բանտում անցկացրած տարիներին Փարաջանովը չի դադարել ստեղծագործել. մի տարի՝ մարտի 8-ին, նա մի ծաղկեփունջ է ուղարկել «ռուսական ավանգարդի մուսա» Լիլիա Բրիկին. նա այն պատրաստել էր լարերից եւ իր գուլպաներից: Բրիկն այդ փունջը պահում էր այն ծաղկանմանի մեջ, որն իրեն նվիրել էր Մայակովսկին: Իհարկե, այդպիսի անակնկալը, մեղմ ասած, այդքան էլ ծաղկի հոտ չուներ, բայց այն հատուկ տեղ էր գտել Բրիկի տանը: Ի դեպ, հենց Լիլիա Բրիկն է օգնել Փարաջանովին դուրս գալ բանտից՝ օգտագործելով իր ֆրանսիական կապերը: Մի անգամ՝ իր ծննդյան օրը, Փարաջանովը քայլելիս է եղել Կիեւի փողոցներով եւ զբոսանքի ընթացքում մի շարք ծանոթների է հանդիպել, որոնց բոլորին հրավիրել է իր տուն` միասին նշելու իր տարեդարձը: Արդյունքում նրա տուն է եկել մոտ 100 հյուր, որոնց բոլորին, բնականաբար, անհնար էր տեղավորել բնակարանում, եւ հնարամիտ ռեժիսորը գտել է իրեն բնորոշ հետաքրքիր լուծում: Նա առաջինից մինչեւ հինգերորդ հարկի աստիճանների վրա գորգ է փռել եւ հյուրերին տեղավորել հենց սանդուղքի վրա, հետո վերելակով պարբերաբար իջնում ու բարձրանում էր տարբեր հարկերում տեղակայված հյուրերի մոտ ու տոնական կենացներ ասում նրանց հետ միասին: Կինոռեժիսորը բավական մտերիմ է եղել Վլադիմիր Վիսոցկու հետ: Մի անգամ, երբ երաժիշտը այցելել է Փարաջանովին, վերջինը նրա պարանոցին տեսնելով հին մետաղադրամներից պատրաստած մի շղթա, իր պահարանից հանել է մի շքեղ զարդ. այն աստղի տեսքով էր եւ ամբողջությամբ պատված ադամանդներով: Նա երգչի պարանոցի վրայից հանել է մետաղադրամները` փոխարենը կախելով աստղն ու ասել. «Չգիտեմ` որտեղից է այն ինձ մոտ հայտնվել, բայց կարծում եմ` աստղը գտավ իր իսկական տեղը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր