211652_close_icon
views-count1699 դիտում article-date 17:52 20-02-2023

Այն ինչ մենք ենք բնորոշում որպես հայրենիքի հանդեպ սեր, ոչ թե սեր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց է. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մյունխենից գնացի Նոյշվանշթայն ամրոցը տեսնելու (կառուցել է բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդը, գահակալել է 1861-1901թթ.)։ Մոտ մեկուկես ժամ մեքենայի ճանապարհ էր։ 

Քաղաքից դուրս գալով՝ մեքենայի պատուհանից նայում էի գերմանական սարերին, դաշտերին, անտառներին ու մտքումս մի հարց էր. տեսնես կամայական գերմանացին այս տեսարաններին նայելիս զգո՞ւմ է նույնը, ինչ որ մենք մեր սարերի, ձորերի, դաշտերի ու անտառների հանդեպ ենք զգում։ Մտածում էի՝ տեսնես իրենց սիրտն է՞լ է թրթռում իրենց հողի, երկրի համար։

Առաջին արձագանքը, որ գիտակցությունս «ուղարկեց» ի պատասխան այս հարցի, այն էր, որ ոչ, իհարկե ոչ, երիցս ոչ։ Բացառված բան է։ Եւ սա նորմալ է։ Ես, որպես միջին վիճակագրական հայ մարդ աճել եմ այն հոգեոր եւ գիտակցական սնունդն ընդունելով, որ մեզ մատուցվում է ծնված օրից՝ տանը, ապա մանկապարտեզում, ապա դպրոցում, ապա համալսարանում, բոլոր ֆիլմերով, բոլոր գրքերի յուրովի մեկնաբանություններով, երգերով, կենացներով, բանաստեղծություններով, առօրյա զրույցներով, հումորներով։

 
Իսկ դա նրա մասին է, որ աշխարհի ուրիշ ոչ մի ժողովուրդ այնքան հայրենասեր չէ, ինչպես մենք՝ հայերս, ոչ մեկի համար իր հողն ու ջուրը նույնը չէ, ինչ մեզ համար, այդ միայն մենք ենք, որ գիտենք հայրենիքի գինը, մենք ենք, որ գիտենք ինչպես սիրել հայրենիքը, ընդ որում հավասարապես՝ հեռվից էլ, մոտիկից էլ։ Ու առհասարակ երբ մենք ժողովուրդ էինք ու գիտեինք ինչ է հայրենիքը, մնացած բոլոր ժողովուրդները դեռ «ծառից ծառ էին թռչում»։

 
Բայց սա ընդամենը առաջին, ավտոմատ արձագանքն էր, հիմնված՝ այսպես ասենք, մեր ազգային գոռոզության վրա։

Հաջորդ իսկ պահից ես սկսեցի մեքենայի պատուհանից նկատել միջին վիճակագրական գեմանացի գյուղացու տունը։ Ոնց նկարագրեմ։ Ես ասեմ՝ կինոյի, դուք պատկերացրեք՝ հեքիաթի։ Մաքուր, կոկիկ, գույներով, ծաղիկներով, տարբեր չափերի եւ նշանակության, աչք շոյող աքսեսուարներով՝ էլ արձանիկ, էլ սայլի անիվ, էլ չորացրած բանջարեղեններ, Աստված գիտի, թե էլ ինչեր, փոքրիկ  պատուհաններ ու վարագույրներ։  Այգին՝ գծած-մաքուր-հավասար, տան հետնամասը՝ նույնքան մաքուր եւ կոկիկ, որքան դիմացը, ոչ մի ավելորդ թափոն, շինարարական կամ կենցաղայի աղբի ոչ մի հատիկ։ Ցախանոցը՝ անհնարինության աստիճան համաչափ շարած փայտերով, փոքր տրամաչափի փայտերն իրար վրա, մեծերն՝ իրար, իսկական նկար։

Նայեցի հերթով, նայեցի երկար ու հասկացա, որ հենց այդ միջին վիճակագրական գերմանացի գյուղացին է սիրում իր երկիրը։ Նա ոչ միայն իր երկիրն է սիրում, այլ սեփական անձն է սիրում։ Ոչ միայն սիրում է, այլեւ հարգում է ինքն իրեն, իր երկիրը, իր պատմությունը, իր պապերին ու իր ժառանգներին։

Ես չգիտեմ այդ մարդու սիրտը թրթռո՞ւմ է արդյոք իրենց սարերին ու դաշտերին նայելիս, թե՞ ոչ։ Բայց նրա անսահման սերը, սրտի հազարավոր թրթիռները ես տեսա իր տան, իր այգու,  իր միջավայրի նկատմամբ նրա վերաբերմունքի ու անհոգնել ջանքի մեջ։ Միջին վիճակագրական գերմանացու տունը հենց Սեր էր։ Հայրեհիքի հանդեպ Սերը։

Իսկ այն ինչ մենք ենք բնորոշում որպես հայրենիքի հանդեպ սեր, ոչ թե սեր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց է։ Ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց»։

Նմանատիպ նյութեր