Էջմիածնում պատերազմի ընթացքում անմահացած մեր հերոսների հիշատակին հուշապուրակ է բացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020 թվականը ճանապարհում ենք պատերազմների ընթացքում անմահացած մեր հերոսների հուշապուրակում, հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Մեր քաղաքի դիմագիծը հանդիսացող վայրերին այս տարի գումարվեց ևս մեկը, թերևս՝ ամենացավոտը։ Այսուհետ, քաղաքապետարանի հարակից պուրակ այցելելիս մեզ դիմավորելու են մեր հերոս զավակները, մեր քաղաքի պակասած լույսերը։ Բայց մենք հավատացած ենք, որ նրանք միայն ֆիզիկապես են լքել քաղաքը, իսկ հոգեպես նրանք ապրում են մեզնից յուրաքանչյուրի մեջ։
Հուշապուրակի բացման արարողությանը ներկա էին մեր հերոսների ընտանիքների անդամներն ու հարազատները, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սիոն Սրբազանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
Միջոցառումը եզրափակվեց մոմավառությամբ, ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարերին»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։