211652_close_icon
views-count1645 դիտում article-date 20:38 31-12-2020

Արժանի՛ լինենք հայոց ազգային բանակի զինվորականների անպարտելիության ոգու հավերժությանը. Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային բանակին. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգապա՛հ Հայեր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը` Ձեր սրբալույս օջախներին մաղթելով անմար կրակ ու ջերմություն, Ձեր սպասելիքներին` արարչական օրհնանք և շնորհ, անսասան ու միասնական Քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն: Առանձնահատուկ շնորհավորում եմ Աստվածային բարձրավանդակի` Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանած ու նահատակված հերոս հայորդիների ընտանիքներին և նույն սահմաններն անառիկ պահող ու անտրտունջ պաշտպանող հայոց հաղթարի զինվորականներին ու նրանց ընտանիքներին` մաղթելով նրանց հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի: Մենք` հայրենատիրության ճանապարհով անցնող հայոց ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է` Հայաստան-Արցախ-Սփյուռք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, այսօր էլ ներդաշնակ տրոփում է մեր բոլորի կրծքում: Արժանի՛ լինենք հայոց ազգային բանակի զինվորականների անպարտելիության ոգու հավերժությանը: Արժանի՛ լինենք մեր մայրերի սիրուն, մեր հայրերի վստահությանն ու մեր իմաստուն գենի անկասելի առաջընթացին: Մենք հավատո՛ւմ ենք Հայաստանի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց բանակի և հայ ժողովրդի նորանոր հերոսական ձեռքբերումներին: Մենք վստահո՛ւմ ենք քեզ, հաղթապա՛նծ ժողովուրդ հայոց, որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը, հայոց հայրենիքի անպարտելի ուժը: Միշտ պետք է գիտակցել, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս: Միշտ պետք է գիտակցել, որ հայոց ազգային պետականության կառուցումը պետք է լինի յուրաքանչյուր հայի երդումը: Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև` անընդհատ հզորացնել հայկական բարձրավանդակը` կառուցելով Քրիստոնյա, միասնական և ուժեղ Հայաստան, իսկ Քրիստոնյա, միասնական և ուժեղ Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի: Փա՜ռք հայոց անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին: Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային բանակին: Խոնարհում՝ հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջև: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հայոց հողի ուժն ու առատությունը, մեր անխախտ լեռների համառությունն ու խրոխտությունը և մեր արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Հայաստանաշե՛ն Հայեր: [b] «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն Նախագահ՝ Խաչիկ Ասրյան[/b]

Նմանատիպ նյութեր