211652_close_icon
views-count3450 դիտում article-date 20:34 31-12-2020

Մենք կարող ենք և պարտավոր ենք կանխել ու վերականգնել մեր կորուստները․ Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք ճանապարհում ենք մեր ազգի համար թերևս ամենաղբերգական տարին՝ 2020 թվականը։ Տարի, որի ընթացքում կորցրեցինք հազարավոր մեր զավակներին, արյունով ազատագրված մեր պատմական հողերը, մեր ուժը, մեր արժանապատվությունը, վաստակած հարգանքը, վստահությունը»,- տեսաուղերձում ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Նա նշում է՝ մեր հայրենիքը հյուծված է, վիրավոր ու արյունաքամ, մեր ժողովուրդ գլխիկոր է, հուսահատ ու թևաթափ։ «Մեր հերոսների կորուստը, ավաղ, չենք կարող վերականգնել։ Փառք ու խոնարհում նրանց, որ ընկան հայրենիքի, քույրերի, եղբայրների, զավակների, ծնողների, ժողովրդի ապագայի համար։ Հենց այդ ապագայի մասին մտածելով և հանուն մեր հերոսների հիշատակի՝ մենք կարող ենք և պարտավոր ենք կանխել ու վերականգնել մեր կորուստները։ Նախ և առաջ վերականգնենք մեր վստահությունը, մեր կորցրած հարգանքը, զուգահեռ վերականգնել մեր ուժը, վերականգնել մեր արժանապատվությունը՝ քար առ քար, հեկտար առ հեկտար, շեն առ շեն, ավան առ ավան վերականգնելով մեր կորցրած հայրենիքը»,- նշում է ՀՅԴ-ական գործիչը։ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ մեր տոնն այժմ սուգ է, այդպիսին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չվերագտնենք մեր արժանապատվությունը, չկարողանանք մեր հողին կանգնել հպարտ ու ամուր կեցվածքով, իրար նայել շիտակ ու ազնիվ կեցվածքով, աշխարհի հետ խոսել մեր լեզվով՝ վստահ ու պինդ շեշտադրումներով, առոգանությամբ։ Նա վստահ է, որ մենք կարող ենք ու պարտավոր ենք դա անել։ «2021 թվականը թող լինի մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարին՝ ի փառս նահատակված մեր հերոսների և հանուն մեր ապագայի»,- ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր