211652_close_icon
views-count1715 դիտում article-date 12:22 31-12-2020

Արսեն Թորոսյանի ամանորյա ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Ամանորի առիթով: Թորոսյանը ուղերձում նշել է, որ տարին ծանր էր բոլորի համար ամեն տեսանկյունից: «Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ: Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց բոլորիս, և բուժաշխատողները սկսեցին պայքարել երկու ճակատով` կյանքեր փրկելու և մեր հայրենակիցների առողջությունը պահպանելու համար: Երրորդ ուղղությունն էլ շարունակում էր մնալ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը, որոնք անկախ ամեն ինչից սպասարկման կարիք ունեին: 365 օր արվել է հնարավոր ամենը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները կարողանան ստանալ իրենց հասանելի բուժումը: Վերազինվել, վերապրոֆիլավորվել են բժշկական կենտրոններ: Ֆորս մաժորային իրավիճակներում արագ գնահատվել են կարիքները, որոնց տրվել են հրատապ լուծումներ: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել և արժեք չէր ունենա, եթե բժշկական համայնքը մեկ բռունցք չդառնար Շնորհակալ եմ բոլոր-բոլորից: Հետհայացք նետելով 2020-ին` կրկին գիտակցում եմ, որ դուք` բժիշկներ, համաճարակաբաններ, բուժքույրեր, մայրապետեր, վարորդներ, կամավորներ, արել եք անհնարինը` հնարավոր դարձնելու ճանապարհին: Շնորհակալ եմ նաև առողջապահության նախարարության, ենթակա մարմինների աշխատակազմին` այդ ծանր օրերին անխոնջ աշխատելու և անձնական նվիրումի համար»,- նշել է Թորոսյանը: Առողջապահության նախարարը մաղթել է, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը, իսկ բուժաշխատողներին մաղթել ուժ ու եռանդ` մասնագիտական առաքելությունը շարունակաբար պատվով կատարելու համար:

Նմանատիպ նյութեր