211652_close_icon
views-count2156 դիտում article-date 13:59 30-12-2020

Պատերազմի սպառնալիքով պարտադրված եռակողմ հայտարարությունը ՀՀ պետականությանը նետված մարտահրավեր է. հայտարարություն

Նոյեմբերի 9-ի ապօրինի, միջազգային իրավունքի հիմնադրույթներին հակասող՝ բռնի ուժի կիրառմամբ և պատերազմի սպառնալիքով պարտադրված եռակողմ հայտարարությունը Հայաստանի պետականությանը և միջազգային հանրությանը նետված մարտահրավեր է: Այս հարցում 28 տարվա մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների մոտեցումների մեջ կան առանցքային տարբերություններ. ուղիղ 100 տարի անց կրկին բախվել են ռուս-թուրքական և արևմտյան քաղաքակրթական պատկերացումները, տարածաշրջանային շահերը և տեսլականները: Ըստ այսմ, ողջունելով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունված բանաձևերը, ինչպես նաև այլ երկրների նույնաբովանդակ հայտարարությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան և ֆրանսիական համանախագահների տարածաշրջանային այցը, հայտարարում ենք. 1․ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում». Արցախյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: 2․ Հայաստանի պետությունը Ադրբեջանի հետ համակեցությունը կարող է հիմնել միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա: 3․ Հայաստանի պետությունը պարտավոր է, օգտագործելով ԱՄՆ, Եվրամիության և մասնավորապես Ֆրանսիայի աջակցությունը, կառուցել անվտանգության նոր համակարգ և դրա շնորհիվ հասնել Արցախի Հանրապետության ճանաչման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման: 4․ Քանի որ պատերազմ տանուլ տված և կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած Կառավարությունն անզոր է հանդես գալ արժանապատվության և իրավունքի դիրքերից, պետք է րոպե առաջ հասնել ժողովրդին երկրի տերը դարձնող Սահմանադրության ընդունմանը և դրան համապատասխանեցված ընտրական օրնեսգրքով նոր իշխանությունների ձևավորմանը: 5․ Նպատակ ունենալով խափանել տարածաշրջանի ռուս-թուրքական բաժանման նոր գործընթացը և մերժելով նախորդ դրածո ռեժիմի սպասարկուների հավակնությունները՝ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու: Միայն իմաստնության, լրջության, ազնվության և նորացվող աշխարհի տրամաբանությանը համահունչ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է դառնալ այդ աշխարհի առաջամարտիկներից: [b]ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ /«Ազգային առաջընթաց» կուսակցություն ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն[/b]

Նմանատիպ նյութեր