211652_close_icon
views-count33307 դիտում article-date 12:17 30-12-2020

Քեզ բացակա չենք դնի․ Ապրիլյան քառօրյա պատերազմի 24-ամյա հերոսն այս պատերազմում շտապեց իր կյանքի գնով պահել հող Հայրենին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ասում են` երբ Աստված ցավը տալիս է, սփոփանքն էլ հետն է տալիս: Բայց նրա բացակայության ցավը լրացնելու համար ոչ ոք այդպես էլ սփոփանք չգտավ... Անդրանիկին Արցախյան երկրորդ պատերազմից հետո ճանաչեցին որպես հերոս, իսկ հարազատների, ընկերների համար, բացի հերոս լինելուց, մնաց բարի, հումորով, բոլորին հասնող Անդրանիկը: Անդրանիկ Ֆելիքսի Գրիգորյանը ծնվել է 1996թ.-ի դեկտեմբերի 16-ին Արարատի մարզի, Նոյակերտ գյուղում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը՝ շրջապատված սիրով ու ջերմությամբ: Անդրանիկին բնութագրելու համար բառերի ընտրությունը գերճշգրիտ պետք է լինի: Նա ապրում էր Զորավարին ու արքային բնորոշ վեհությամբ: Ուղիղ էր իր ընտրած ճանապարհով, ուներ մեկ դեմք: Նրա կյանքում սեր արմատն ամենուր էր... Ընտանիքասեր, ընկերասեր, երեխայասեր, կենդանասեր, մարդասեր և ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ... Բնավորության յուրահատուկ գիծ ուներ` օգնողն ինքը պիտի լիներ միշտ, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լինի:Նրա օգնության ձեռքն ամենահասանելին ու ամենաամուրն էր: Կյանքի բոլոր բնագավառներում` առաջնորդի դերն իրեն էր հասել: Իր շրջապատում նրա առաքելությունն պարզապես լինելն էր, ու ընկերներն ամբողջական էին դառնում, երբ նա այնտեղ էր...Հիմա էլ, երբ ընկերները հավաքվում են, բոլորի լուռ հայացքում մի հարց է. ուր է նրանց ընկերը, ուր է նրանց բոլորին համախմբողը: Նա սիրում էր երեխաներին, երեխաներն էլ` իրեն: Հաճախ կարելի էր տեսնել` ինչպես է փողոցում կանգնում և սկսում զրուցել, կամ պարզապես սիրել անծանոթ փոքրիկներին: Ուրիշ էր Անդրանիկը, շատ ուրիշ, բոլորից ուրիշ, իր հարազատների Ուրիշը: Մտածում ու ցանկացած հարցի լուծում առաջարկում էր այնպես, ինչպես չէր կարող անգամ մի ամբողջ կյանք ապրած մարդը: Անդրանիկը hաճույք էր ստանում իր բանակային կյանքից, հպարտանում` իր զինվորական համազգեստով:Անգամ զորացրվելուց Արցախից համազգեստով վերադարձավ: 2015 թվականին մեկնեց իր պարտքը տալու հայոց բանակին որպես շարքային, վերադարձավ 2017թ-ին որպես ավագ սերժանտ` իր հետ բերելով «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանները: Երբ դեռ ժամկետային ծառայող էր մասնակցեց Ապրիլյան քառօրյա պատերազմին: Որքան էլ սիրում և մեծ ոգևորությամբ խոսում էր բանակային կյանքից` պատերազմից գրեթե ոչինչ չէր ասում: Հաճախ կարելի էր լսել նրանից, որ նորից կծառայի բանակում, ու, եթե, հանկարծ մի օր ինչ-որ ձայն լսվի Արցախից, նա անպայման պիտի անմիջապես մեկնի ու պաշտպանի իր հողն ու մեզ...Այդպես էլ արեց... Նա ընդամենը ժամերի ընթացքում պարզեց կամավոր մեկնողների վայրը և միացավ նրանց: Համառ էր ու սկզբունքային, որն էլ մանկությունից էր գալիս. եթե որոշեր մի բան` ամեն գնով պիտի աներ... Ու որոշելով` նա շտապեց, շտապեց իր կյանքի գնով հողը պահելու..Այսօր էլ, շարունակում է երկնքից վահան դարձած պաշտպանել և աներևույթ թիկունք լինել իր սիրելիներին: Հայորդիներն իրենց ծնունդով ու սկզբնավորումով են Հայրենիքին նվիրյալ: Նրանք հասարակ մարդիկ չեն, մեր մեջ ապրող հսկա մարդիկ են, որ ի բարեբախտություն մեզ, նրանց առօրյան համադրվում է մերին, բայց… նրանք մեզ համադրելի չեն: Նրանք մեր պաշտպաններն են, հայորդի քաջերը, մեր հայ ասպետները, մեր գոյության սյունն ու խարիսխը: Անդրանիկը նրանցից մեկն էր: Պատերազմի բոլոր օրերին կապ է ունեցել հարազատների հետ: Սակայն կարողացել էր ընտանիքից գաղտնի պահել իր իրական գտնվելու վայրը... իրեն բնորոշ հոգատարությամբ, մտածել էր, որ տնեցիք չանհանգստանան: Անգամ այդ հարցում ամեն ինչ հաշվարկել ու պլանավորել էր, որ հանկարծ նույնիսկ ուրիշներից չլսեին, որ նա պատերազմի ամենաթեժ կետերից մեկի` Ջաբրաիլի առաջնագծում է: Անդրանիկի առաքելությունն այս կյանքում բարությունն էր, մարդկանց օգնելը: Դա էր երևի պատճառը, որ որպես մասնագիտություն էլ ընտրել էր պայքարող ճակատային զինվորի` բժշկի մասնագիտությունը: Նրան ճանաչող ամեն ոք վստահ էր, որ Հայաստանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում սովորում էր Հայաստանի ապագայի լավագույն բժիշկը, բժշկական ոլորտի «Ոսկե անունով» կյանքեր փրկող մասնագետը: Սակայն նա, կամավոր թողնելով գրիչը և ուսանողական նստարանը, ընտրեց լինել Արարատցի «Ոսկի տղան», ինչպես նրան դիրքերում անվանում էին իր մարտական ընկերները… Մեկնեց ռազմաճակատ՝ վստահ լինելով, որ իր տեղն այնտեղ է, և գիտակցելով, թե իրեն ինչ կարող է սպասվել: Կայացած էր, անվախ: Վհատվելն ու հույսը կորցնելը նրանը չէին: Պատմում են՝ ռազմի դաշտում նա և բժիշկ էր, և կապի մասնագետ, և շարքային զինվոր: Մեկ վայրկյան անգամ չի մտածել զենքը թողնելու և հետ վերադառնալու մասին: Նա իրեն հերոսի պես է պահել` հավատարիմ մնալով իր սկզբունքներին և գաղափարներին: Անդրանիկն անմահացավ հայրենիք պաշտպանելիս` թշնամու մահաբեր արկից: Այսօր նրա նպատակներն ու երազանքներն իր հարազատների հետ են: Փոխարինել Անդրանիկին անհնար է, բայց նրանք միշտ կանեն այն, ինչ գիտեն, որ կաներ Անդրանիկը և անում էր: Ու քանի կան իր հարազատներն ու ընկերները միշտ հնչելու է հերոս ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անունը, ու սերունդներ են կրթվելու նրա սխրանքով… Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր