211652_close_icon
views-count1273 դիտում article-date 13:05 29-12-2020

ԲՏԱ նախարարը մասնակցել է սահմանամերձ Բերդ քաղաքում բացված Թումո տուփի հանդիսավոր բացմանը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՀ կենտրոնական բանկի և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության համագործակցության շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվեց Թումոյի մարզային ծրագրի արդեն երկրորդ Թումո տուփը: Տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, պաշտոնատար անձինք։ Ողջունելով ներկաներին` նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թումո կենտրոնին, Բերդ համայնքի բնակիչներին Թումո տուփի բացման կապակցությամբ: «Շատ կարևոր է մեր համայնքներում այսպիսի ենթակառուցվածքի առկայությունը: Այն հավելյալ հնարավորություններ է տալիս մեր երեխաներին այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և տեսնելու, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները փոխում աշխարհն ու տարբեր ոլորտներ` սկսած գյուղատնեսությունից մինչև պաշտպանություն»,- նշել է նախարարը: Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տվյալ համայնքի պատանիների համար։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ տարեկան շուրջ 320 պատանու հնարավորություն կտա կրթվելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտները։

Նմանատիպ նյութեր