1994 դիտում
20:08 28-12-2020
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվել է երկրորդ Թումո տուփը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 28-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՀ կենտրոնական բանկի և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության համագործակցության շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվեց երկրորդ Թումո տուփը:
Բացման միջոցառմանը Թումոյին և Բերդի Թումո տուփի հովանավորներին միացան ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Թումո շրջանավարտներ ու Տավուշի տուփի ապագա ուսանողներ:
Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումո տուփի գաղափարը ծնվեց տարիներ առաջ, երբ Թումո Դիլիջանում Homeland Development Initiative Foundation-ի հետ Բերդի պատանիների համար անցկացրեցինք գրաֆիկական դիզայնի հատուկ դասընթաց, որի մասնակիցները ստեղծեցին մեղրի և հատապտուղների փառատոնի բրենդավորում: Ոգեշնչվելով մասնակիցների հաջողությամբ` մենք սկսեցինք աշխատել Հայաստանի և Արցախի փոքր քաղաքներում ու գյուղերում մինի-Թումոների ստեղծման և արդեն գործող մեծ կենտրոնների հետ դրանց միավորման գաղափարի վրա: Խորհրդանշական է, որ այսօր այս միջոցառմանը մասնակցում են նաև այդ դասընթացի մասնակիցները` ներկայացնելով իրենց աշխատանքի արդյունքերը»:
«Շնորհավորում եմ Թումո կենտրոնին, Բերդ համայնքի բնակիչներին Թումո տուփի բացման կապակցությամբ: Շատ կարևոր է մեր համայնքներում այսպիսի ենթակառուցվածքի առկայությունը: Այն հավելյալ հնարավորություններ է տալիս մեր երեխաներին այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և տեսնելու, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները փոխում աշխարհն ու տարբեր ոլորտներ` սկսած գյուղատնեսությունից մինչև պաշտպանություն»,- իր խոսքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Համագործակցությանն ու նախագծի կարևորությանը անդրադարձավ միջացառմանը ուղիղ կապով միացած Ամունդի-ԱԿԲԱ ընկերության տնօրեն Հովիկ Մազեջյանը. «Երբ մենք որոշեցինք սոցիալական պատասխանատվության մշակույթ ներդնել, որպես ոլորտներ ընտրվեցին կրթությունն ու մշակույթը: Թումո կենտրոնին որպես գործընկեր ընտրելը շատ բնական էր, քանի որ մեր նպատակներն այս ոլորտներում համընկնում էին: Որպես արդյունք մենք ունեցանք այս նոր մինի-Թումոն Բերդում` նոր հնարավորություններ բացելով համայնքի կրթական կյանքում»:
Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։
«Թումոյի ներկայությունը մեր մարզում ունի երեք առավելություն. մեկն այն է, որ կենտրոնն ինքն իրենով երկարաժամկետ զարգացման ծրագիր է և համայնքներում կրթության միջոցով փոփոխությունների առիթ է հանդիսանում, երկրորդը Տավուշի ու հատկապես Բերդի պատանիների ինժեներական, տեխնոլոգիական արդեն իսկ առկա ներուժի զարգացումն է, իսկ երրորդն էլ նոր կորպորատիվ մշակույթի ներմուծումն է` սկսած էսթետիկայից մինչև համայնքի ակտիվացումը»,- ընգծեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Կենտրոնական բանկը, ինչպես յուրաքանչյուր կորպորատիվ կառույց, ունի իր սոցիալական պատասխանատվությունը, և մենք Դիլիջանում որպես գործընկեր ընտրեցինք հենց Թումոյին` վստահելով կենտրոնի առաքելությանը: Այս առումով պետք է նշեմ, որ մեզ համար ամենակարևորը ստեղծագործ մտքի զարգացումն է մեր երկրում, որն իր հերթին շատ լուրջ հնարավորություններ կարող է բացել ապագայում»,- իր խոսքում նշեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Թումոն ետամուտ է մնալու մարզային զարգացմանը ուղղված իր ծրագրին. նախորդ շաբաթ Թումո տուփ բացվեց նաև Գավառում, իսկ 2021-ին նախատեսված է հիմնադրել Հայաստանի և Արցախի մի շարք այլ բնակավայրերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2199 դիտում
21:23 30-07-2020
Առաջին «Թումո տուփը» շուտով կգործի Բերդ համայնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1833 դիտում
19:32 10-02-2022
Արցախի առաջին Թումո տուփը բացվեց Մարտակերտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
547 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1411 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
964 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է