211652_close_icon
views-count1303 դիտում article-date 16:44 28-12-2020

Հակածխախոտային օրենքը 1 տարով հետաձգելու դեպքում տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար․ փոխնախարար

ՀՀ առողջապահության նախարարությունը դեմ է հակածխախոտային օրենքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգող նախագծին, փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար, կունենանք 310 մահ: [url=https://armenpress.am/arm/news/1039159.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ Նանուշյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վլադիմիր Վարդանյանի, Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծի քննարկմանը: «Կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մենք հասկացանք, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, և ծխախոտի դեմ պայքարը մեզ օգուտներ է բերելու, որովհետև ուղեկցող հիվանդություններից են այսօր մահանում, իսկ ուղեկցող քրոնիկական հիվանդությունների համար առաջին ռիսկը ծխախոտն է: Միջազգային փորձագետները գնահատել են, որ եթե մեր ամբողջ բնակչությունը հիվանդանա, ապա ամբողջ բնակչությունից 117 հազար մարդ բարձր ռիսկի տակ է գտնվում՝ հոսպիտալացվելու, ծայրահեղ ծանր տանելու հիվանդությունը և մահանալու՝ ծխելու պատճառով»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ մի քանի օրվա ընթացքում միջազգային փորձագետների հետ փորձել են գնահատականներ տալ ու հաշվարկներ անել: Նրա խոսքով՝ ծխախոտը շատ թանկ է նստում երկրի վրա: «Մեր երկրի տնտեսությունը տարեկան կորցնում է 273 մլրդ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 4.2 տոկոսին: Գնահատեցինք, թե այս նախագիծը ինչքան կնստի մեր երկրի վրա: Եթե մենք ընդունենք այս նախագիծն ու հետաձգենք ևս մեկ տարի՝ բոլոր նշված 3 դրույթները, երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար՝ միայն 2021 թվականի ընթացքում: Եվ միայն այս նախագծի արդյունքում մենք կունենանք 310 մահ»,- ասաց Նանուշյանն ու հորդորեց դեմ քվեարկել՝ հանուն առողջ սերունդների: «Իմ քայլը»-ից Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ վարակվածների քանի՞ տոկոսն է եղել ծխող, վիճակագրություն կա՞, թե ոչ: Պատգամավորը, անդրադառնալով 310 հոգու հավանական մահվան մասին փոխնախարարի խոսքին, հարցրեց. «Այսինքն այդքան հստա՞կ է կորելացիան, դուք այդ 310-ին հստակեցրե՞լ եք, հիմա կարողանում եք կանխե՞լ նրանց մահը և այս օրենքի կանոնակարգումից հետո փոխվելո՞ւ է»: Փոխնախարարը արձագանքեց. «Կորոնավիրուսի և ծխելու հետ կապված մենք հետազոտություն չենք արել: Բայց արվել են միջազգային մի շարք հետազոտություններ, և արդյունքը տեղին է: Երկու անգամ ավելանում է ռիսկը: Հայաստանի համար գնահատվել է, որ 117 հազար մարդ միայն ծխախոտի պատճառով բարձր ռիսկայնություն ունի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդանալու, ծանր տանելու և մահանալու առումով»: Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն:

Նմանատիպ նյութեր