Ռուսաստանցի երեխաները Ստեփանակերտի թիվ 3 դպրոցի աշակերտների գալիք Ամանորն են շնորհավորել, բացիկներ ու խաղալիքներ նվիրել
Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները համառուսաստանյան «Յունարմիա» հասարակական շարժման հետ համատեղ ««Յունարմիան»՝ Ղարաբաղի երեխաներին» խորագրով միջոցառում են անցկացրել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Միջոցառման ժամանակ հեռուստակամուրջ է կազմակերպվել դպրոցի աշակերտների և ռուսական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ ՌԴ 10 քաղաքից: Ստեփանակերտցի երեխաները դպրոցում խաղաղությունը պատկերացող գրաֆիտի են կազմել:
Ռուսաստանցի երեխաները արցախցի երեխաներին շնորհավորել են գալիք Ամանորի առթիվ, իրենց կողմից պատրաստված 1500 բացիկ ու 1200 ամանորյա խաղալիք փոխանցել նրանց, իսկ խաղաղապահները աշակերտներից յուրաքանչյուրին դպրոցական պարագաներ ու պայուսակ են նվիրել:
Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ավելի քան 44 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։