211652_close_icon
views-count1645 դիտում article-date 13:46 19-12-2020

Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

Հանրահայտ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ Պապյանը գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնել է հոկտեմբերից: Ավելի վաղ Հովհաննիսյանը համացանցում տեղեկացրել էր, որ Կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվ. օպերային ստուդիայի դահլիճում կայացել է Բեթհովենի 250-ամյակին նվիրված երեկո ընդհամենը մի քանի ամիս ստուդիայի աշխատանքների պատասխանատվությունը ստանձնած Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ: «250 տարվա հեռավորությունից Բեթհովենի երաժշտության ու կյանքի մասին խորհելու, այդ արժեքներին այսօրվա դիտակետից նայելու առիթն ու վերապրումն ունեցանք: Բոլորս հուզված էինք հատկապես յուրաքանչյուր տողի և դետալի նկատմամբ հատուկ վերաբերմունքից, անմոռանալի միջավայրից: Սիրելի՛ դասախոսներ, կոնցերտմայստերներ, ուսանողներ, ստուդիայի բոլոր աշխատակիցներ, սիրելի Հասմիկ Պապյան, Հայկ Վարդանյան, այս դժվարին օրերին դուք ձեր գործով խոսեցիք այն մասին, որ ամենածանր ժամանակներում էլ հնարավոր է աշխատել, լսել և հարգել իրար»,-ընդգծել էր Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր