1382 դիտում
11:01 18-12-2020
ԵՄ-ն պատրաստ է ԼՂ հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել
2020 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության խորհրդի երրորդ նիստը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, այն նախագահել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի մասնակցությամբ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Գործընկերության խորհուրդը գնահատել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, որն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտային ուղղություններում։ Քննարկվել են նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր այլ թեմատիկ ուղղություններ: ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական լիակատար հանձնառությունը համատեղ օրակարգին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:
Գործընկերության խորհուրդն անդրադարձել է COVID-19 համավարակի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին՝ ընդգծելով ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կյանքի և կենսամիջոցների պաշտպանությանը, հասարակությունների և տնտեսության վերաբացմանը։
ԵՄ-ը և Հայաստանը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ԵՄ-ի դերը վերականգնմանն ու հաշտեցմանն աջակցելու գործում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր:
«ԵՄ-ն ողջունում և աջակցում է բարեփոխումների իր օրակարգին հետամուտ լինելու և մեր երկկողմ համաձայնագիրը ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի վճռական հանձնառությունը, չնայած առկա մարտահրավերներին, որոնց հետ բախվում է երկիրը», - նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը: «ԵՄ-ն, ի լրումն մինսկի խմբի համանախագահների ջանքերի, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել: Մենք պատրաստ ենք խաղաղաշինության և վերակառուցման մեր գործիքակազմով ցուցաբերել մեր աջակցությունը»:
«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության: COVID-19 համավարակի հետևանքները չեզոքացնելու, արդարադատության և ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով հանդերձ, մենք պատրաստ ենք նաև քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ», ընդգծել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:
«Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ՝ Եվրոպական միությունը հրապարակել էր զեկույց 2019 թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին։ Զեկույցում ընդգծվում է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման Հայաստանի առաջընթացը, նրա հետևողականությունը ներպետական բարեփոխումների հանձնառությանը և ԵՄ-ի առանցքային դերը՝ դրանց աջակցման գործում։
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը կայացավ ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպման նախօրյակին: Հանդիպումները վերահաստատում են տարածաշրջանի երկրների հետ ԵՄ գործընկերության կարևորությունը և ԵՄ-ն աջակցությունը տարածաշրջանի վերականգնման և տևական խաղաղության հաստատման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
3884 դիտում
22:27 17-01-2020
ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ
3525 դիտում
13:29 08-03-2017
Չինաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի ու Սաուդյան Արաբիայի հաշտեցման գործում
Այս բաժնից
1069 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
835 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
916 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ