Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mitsubishi Colt-ը 6 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ դեկտեմբերի 15-ին,  խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mitsubishi Colt  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Առինջ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր բարձրության կամրջից  ընկել և գլխիվայր  հայտնվել է կամրջի տակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական  ջոկատը՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ  1 հոգի տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Մայիս Բադոյանն ու Կառլեն Բաղյանը:
 Փաստի առթիվ Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


