211652_close_icon
views-count3639 դիտում article-date 13:39 14-12-2020

ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը չի կարող որևէ կերպ կասկածի տակ դրվել. Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքից տարածքներ կորցնելու խոսակցությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, այսինքն՝ ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը չի կարող որևէ կերպ կասկածի տակ դրվել: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վերջին շրջանում Սյունիքից տարածքներ կորցնելու վերաբերյալ քննարկվող հարցերի մասին: «Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք, երբեմն, ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել ներքաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, այդ հոսքերի մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա ծառայությունների հետ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ըստ առավոտյան լրահոսի՝ ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ Սյունիքում ռազմական առումով բոլոր գիշերները հանգիստ են անցել: «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի հսկողության ներքո և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/14/pashinyan/3470471?fbclid=IwAR1G9C_v0fdviPSk2LQmOhEjnMrEjIUbdQpYQM4KaFNI3iEKtN8DES0IfLU]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր