211652_close_icon
views-count1533 դիտում article-date 19:22 12-12-2020

Էլինար Վարդանյան. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ավելորդ է անգամ նշել, որ մենք բոլորս նվիրաբերություն կատարելով հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը և այլն։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով» նպատակի համար, և այդ հիմքով «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամը փոխանցում է ՀՀ Կառավարությանը՝ որպես նվիրաբերություն, ինչը աբսուդրային է և հակաօրինական, բայց բնորոշ է այս իշխանության վարքագծին։ Հարցեր, որոնք այդպես էլ մնում են անպատասխան. 1. Եթե չլինեին հանգանակություններն ու նվիրատվությունները՝ Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորումը ինչի՞ հաշվին պիտի կատարվեր։ Ի վերջո, պետությունը, որի իշխանության աններելի, անհեռանկար քաղաքականության արդյունքում երկիրը բախվեց պատերազմի և դրա աղետալի հետևանքների հետ, պարտավոր էր սեփական միջոցների հաշվին լուծել Արցախից տեղահանվածների առաջին անհրաժեշտության այն խնդիրները, որոնք ծագել էին պատերազմի հետևանքով։ Այդ հարցում, թվում էր, թե խնդիր չպետք է լինի, քանի որ հոկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն էր կատարել, թե ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ «տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում»։ Այդ դեպքում ո՞րն էր պատճառը, որ «գերակատարվող» բյուջեի պայմաններում ՀՀ Կառավարությանը նվիրաբերություն է կատարվում հիմնադրամից։ 2. ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացրեց պարզաբանում նվիրաբերության իրավական հիմքերի և նպատակների վերաբերյալ, որը բացարձակ համոզիչ չէր և էլ ավելի խճճեց իրավիճակը, քանի որ նախ և առաջ նվիրաբերությունը չդիտարկվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով սահմանված նվիրաբերության ինստիտուտի էության և դրա կոնկրետ նպատակների անվերապահ պահպանման ուղղակի պահանջի տրամաբանության շրջանակներում։ 3. Բազմաթիվ հարցեր մնացին կապված «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջների և «Հայաստան» համահայակական հիմնադրամի կանոնադրության պահանջների հետ կապված։ Մասնավորապես, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել Հիմնադրամի գույքի որոշ մասը: Հիմնադրամի կանոնադրության 7-րդ կետի համաձայն շահառուներ են հանդիսանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և սփյուռքաշատ այլ երկրների բնակչությունը։ Դժվար է հասկանալ, թե Հիմնադրամը շահառուների որ խմբում է դիտարկել ՀՀ Կառավարությանը։ 3. Կանոնադրության 38-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը: Հանրապետության նախագահի հիմնադրամին ուղղված պաշտոնական նամակից պարզ է դառնում, որ այս հարցում էլ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամների մոտ միատեսակ մոտեցում չի եղել։ Հանրապետության նախագահն արդարացիորեն պահանջել է գումարը ձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով։ Այս պարագայում չէր խախտվի նվիրաբերության ինստիտուտի էության և դրա կոնկրետ նպատակների անվերապահ պահպանման ուղղակի պահանջի տրամաբանությունը։ Արդյունքում չէր առաջանա կոնկրետ նպատակի շեղման խնդիր։ 4. Կարևոր հարց է նաև, թե ովքեր են մասնակցել հոգեբարձուների խորհրդի նիստին։ Մամուլում եղած հրապարակումներից պարզ է դառնում, որ հոգեբարձուների խորհրդի անդամներից առնվազն երկուսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը տեղյակ չեն եղել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին։ Տեղյակ են եղել, արդյոք, հոգեբարձուների խորհրդի մնացյալ անդամները այդ ծախսի մասին, դժվար է ասել։ 5. Հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով անվստահություն և դժգոհություններ են առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ:Նվիրատուները իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ ունեն: Հիմնադրամին գումարներ փոխանցած մեր հայրենակիցներից ոմանք խորապես զղջում են, որ փոխանցումներ են արել, և այսօր շատերը պահանջում են կամ հետ վերադարձնել գումարը հիմնադրամին, կամ հետ են պահանջում իրենց փողերը, թեև հետ ստանալու մեխանիզմներ չկան։ Այս ամենի արդյունքում վտանգվում է ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի համար գումարների հանգանակումը։ Մի կարճատես, չհաշվարկված քայլի արդյունքում հիմնադրամի նկատմամբ կարող է ստեղծվել վստահության դեֆիցիտ և վտանգի տակ դնել համահայկական միասնականությունը։ Նվիրաբերության հետ կապված բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր կազմակերպությունը հարցում է ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Մենք հետևողական ենք լինելու այս հարցի վերաբերյալ պարզաբանումների և հաշվետվությունների ներկայացման հարցում։

Նմանատիպ նյութեր