211652_close_icon
views-count2165 դիտում article-date 11:33 12-12-2020

Ի՞նչ է ընդդիմության ուզածը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում, ինչպես եւ ցանկացած այլ երկրում, որտեղ թեկուզ ձեւականորեն գործում են ժողովրդավարության ինստիտուտները, պայքար է գնում իշխանության եւ ընդդիմության միջեւ: Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ իշխանավորներն ամեն ինչ անում են՝ իրենց աթոռները պահելու համար: Կոնկրետ այսօրվա Հայաստանի իրավիճակում ներկա իշխանությունը աթոռ պահելու բարոյական իրավունք, իմ կարծիքով, բացարձակապես չունի: Բայց հասկանում եմ, որ նման բան ասելը «լիրիկայի» ոլորտից է. սովորաբար մարդիկ պահում են իրենց իշխանությունն այնքան ժամանակ, որքան դա հնարավոր է` անկեղծորեն վստահ լինելով, որ իրենցից ավելի հրաշալի կառավարիչներ աշխարհիս երեսին չկան: Ընդդիմությունն էլ, իր հերթին, ձգտում է տիրանալ իշխանական աթոռներին՝ բերելով դրա համար համոզիչ կամ ոչ համոզիչ փաստարկներ: Սակայն դարձյալ՝ եթե անդրադառնանք այս պահին ստեղծված իրավիճակին, ապա ընդդիմադիրները, կարծում եմ, պետք է ճշտեն իրենց մարտավարությունը: Այսինքն՝ պետք է հստակ նշվի, թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով, Սահմանադրության ո՞ր հոդվածի համաձայն է տեղի ունենալու իրենց նախագծած իշխանափոխությունը: Եթե նոր կառավարությունը ձեւավորված չլինի Հիմնական օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, ապա այն կլինի նույնքան անօգուտ, որքան ներկայիս անգործունակ եւ ձախողված կառավարությունն է: Միայն լեգիտիմության սոլիդ մանդատ ստացած նոր իշխանությունը կարող փորձել դուրս բերել պետությունն այս աղետալի վիճակից: Իշխանության օրինական ճանապարհներն են՝ վարչապետի հրաժարականը (կա՛մ կամավոր, կա՛մ ԱԺ-ի կողմից նախաձեռնած), վարչապետի ընտրությունը խորհրդարանի կողմից, որից հետո կձեւավորվի նոր կառավարությունը: Այս ճանապարհն առայժմ անիրատեսական է թվում: Հետեւաբար, ընդդիմությունը, ենթադրում եմ, պետք է պայքարի ոչ թե հանուն ինչ-որ անհասկանալի «ազգային փրկության կառավարության», այլ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Տրամաբանությունը կարող է լինել հետեւյալը. եթե իշխանությունը վստահ է, որ այսքանից հետո էլ քաղաքացիները շարունակում են իրենց վստահել, թող ի՛նքը նախաձեռնի ընտրություններ եւ կրկին ստանա ժողովրդի մանդատը: Դա շատ լավ «թեսթ» կլինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության եւ թե՛ հասարակության համար: Ես, օրինակ, գտնում եմ, որ Փաշինյանը եւ նրա թիմը խայտառակ ձեւով տապալվել են պետական կառավարման բոլոր (ոչ միայն ռազմական) ոլորտներում եւ այդ պատճառով առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում ձայնս չեմ տա «Իմ քայլին»: Բայց ես մեկն եմ 3 միլիոնից. ամենեւին բացառված չէ, որ իմ համաքաղաքացիների մեծ մասը գտնում է, որ կառավարող թիմը հոյակապ է աշխատել, եւ ներկայիս իշխանությունների միակ թերությունն այն էր, որ նրանք չեն գնդակահարել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Դա, համենայնդեպս, մարգինալ կարծիք չէ՝ նույնիսկ իմ մերձակա շրջապատում եւ անգամ «Առավոտում» կան մարդիկ, որոնք այդպես են մտածում: Եթե ընտրողների մեծ մասն էլ է այդպես կարծում, ապա նոր ընտրությունների արդյունքում իշխանության գլխին պետք է մնա «Իմ քայլը» եւ Փաշինյանը: Ինչ արած, այդ դեպքում պիտի համբերատար սպասենք նոր աղետի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր