«Սպան չի՛ կարող լինել դավաճանի ենթակա». Ա. Վանեցյան
«Արժանապատվության երթի» ժամանակ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց. «Բոլոր քաղաքացիները պետք է շատ լավ հասկանան, որ սա ուղղակի պայքար չէ որևէ իշխանության համար, սա պայքար է հանուն մեր հայրենիքի փրկության: Ժողովո՛ւրդ, դուրս եկեք փողոց, հասկացե՛ք, որ իրավիճակն արդեն այլ է, իրավիճակը օրհասական է, ծախվում է մեր երկիրը, վտանգված են ՀՀ սահմանները և հայ ժողովրդի գոյությունը»:
«Այս անհասկանալի, բիրտ ուժի կիրառմամաբ չեն կարող մեզ լռեցնել, չենք թւոյլ տալու այս դավաճան պլանը հասնի իր ավարտին»,- անդրադառնալով ոստիկանների գործողություններին ասաց նա:
Հարցին, թե ՀՅԴ Իշխան Սաղաթելյանին բերման են ենթարկել, ձեզ ևս կարող են բերման ենթարկել, նա պատասխանեց. «Եթե դուրս ենք եկել պայքարի, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, բայց որևէ բանով մեզ չեն կարողանալու վախեցնել, որևէ բանով մեզ հնարավոր չէ վախեցնել»:
Նա վստահեցրեց՝ ՀՀ քաղաքացիներն իրականացնում են օրենքով թույլատրված ակցիաները ու չի հասկանում, թե ինչու են ոստիկաններն ուժ կիրառում ՀՅԴ անդամների, ղեկավարի ու ակցիայի այլ մասնակիցների նկատմամբ. «Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ հիմքով»:
ԱԱԾ նախկին տնօրենը ասաց. «Ես համոզված եմ, որ մեր ոստիկաններից շատերը, 95 և ավել տոկոսը հայրենասեր մարդիկ են, ծառայում են իրենց հայրենիքին, ծառայում են իրենց պետությանը: Կարող է՝ այս պահին մոլորված են, բայց ես համոզված եմ, որ մեր ոստիկանները շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և հասկանալու են, որ չպետք է ծառայեն դավաճաններին:
Սպան չի՛ կարող լինել դավաճանի ենթակա: Սպան չի՛ կարող կատարել դավաճանի հրամանները, սպան չի՛ կարող համաձայն լինել մեր հայրենիքը նման խայտառակ կերպով հանձնելուն, սպան չի՛ կարող հանգիստ նայել Ադրբեջանում՝ Բաքվում, անցկացված երեկվա զորահանդեսին»: