211652_close_icon
views-count71191 դիտում article-date 21:32 10-12-2020

Ալիևը պատասխանել է Փաշինյանին․ նոր պահանջներ

[url=https://168.am/2020/12/10/1425442.html?fbclid=IwAR0NHoa8WeJIwcYvfWMIHGIP1j9yL78ZA_mQTEckMzfUXPBp6Pd9lODihY4]168.am[/url]-ը գրում է. Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Նա այդ մասին խոսում էր բոլոր հնարավոր միջոցներով՝ մամուլում, սոցիալական ցանցերում, տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների եթերում։ Նիկոլ Փաշինյանն իր այդ բանաձևը ներկայացնում էր այնպիսի խանդաղատանքով, կարծես ակնկալում էր, որ դրա համար իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի պետք է արժանացնեն։ Եվ արժանացրեցին, բայց ոչ թե Խաղաղության Նոբելյան մրցանակի, այլ Բաքվի հաղթական շքերթին։ Ցանկացած ողջամիտ հայ մարդու մոտ ամոթի ու անպատվության զգացումներ առաջացրած այդ շքերթն իրականում այն բանի ապացույցն էր, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է իր գովազդած բանաձևն առնվազն մեկ երրորդով՝ ղարաբաղյան հարցի լուծումը բավարարել է Ադրբեջանի ժողովրդին։ Սա սոսկ արձանագրում է, օբյեկտիվ իրականություն, որը պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի անձի կամ նրա իշխանության հանդեպ ունեցած դրական կամ բացասական վերաբերմունքով։ Սա արդեն իսկ փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բանաձև, և այդ բանաձևն իրագործվել է մեկ երրորդով։ Բայց Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է, նա արդեն երեկ կրկնեց իր այդ բանաձևը՝ վերահաստատելով, որ ղարաբաղյան հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին։ Տրամաբանությունը հուշում է, թե Նիկոլ Փաշինյանը՝ իրագործելով իր բանաձև-խոստումի մեկ երրորդը, գուցե հիմա էլ փորձում է Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին բավարարող լուծում գտնել։ Հնարավոր է։ Այնքան, որքան այդ բանաձևի ներկայացման ժամանակ ենթադրելի էր, որ Հայաստանի ղեկավարը ոչ միայն չի ձգտում առաջին հերթին հասնել Ադրբեջանի ժողովրդին բավարարող լուծման, այլ հատկապես ու հաստատապես փորձում է գտնել Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին բավարարող լուծում։ Սխալ ենթադրություն էր, պարզվեց։ Բայց եղածն արդեն եղած է, հանձնվածը՝ հանձնված։ Դա կարող էր հնչել որպես մխիթարանք՝ այն դեպքում, եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ծրագրերը հայկական աշխարհի վերաբերյալ ավարտված համարեին։ Բայց ոչ, հենց այսօր՝ Նիկոլ Փաշինյանի խոստացած բանաձևի ադրբեջանական մասի իրականացման մասին շնորհանդեսի՝ Բաքվում շքերթի ժամանակ վերջինիս վերելակային գործընկեր Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է։ Մեր ժողովուրդն այդ տարածքներում դարերով ապրել է»։ Այսինքն՝ Ալիևն արձանագրել է, որ Ադրբեջանի ժողովուրդն այնքան էլ բավարարված չէ, կամ բավարարված է ոչ ամբողջությամբ։ Հատկանշական է, որ Ալիևի այս հայտարարությունը հնչել է Նիկոլ Փաշինյանի երեկվա բանաձևային կրկնությունից հետո։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ղարաբաղյան հարցի լուծումը բավարարի նաև Ադրբեջանին, ինչից հետո Ալիևը ներկայացրել է բավարարման պահանջները։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը սեփական կամ ոչ սեփական բանաձևին, ինչին արդեն այսօր պատասխանել է Ալիևը՝ ներկայացնելով նոր պահանջներ։ Արդյոք դրանք ևս երբևէ կբավարարվե՞ն։ Այդ հարցին պետք է պատասխանի Հայաստանի վարչապետը, ով առաջ է քաշել նաև Ադրբեջանի ժողովրդին բավարարող բանաձևը, որի իրագործումն Ադրբեջանի ժողովրդին թույլ տվեց հաղթական շքերթ իրականացնել Բաքվում։ [b]Հարություն Ավետիսյան[/b]

Նմանատիպ նյութեր