Արգենտինայում մտադիր են թողարկել Մարադոնայի պատկերով 1000 պեսո արժողությամբ թղթադրամներ
Արգենտինայում սենատոր Նորմա Դուրանգոն առաջարկել է Դիեգո Մարադոնայի պատկերը տեղադրել 1000 պեսո (10 եվրո) արժողությամբ թղթադրամների վրա:
Լեգենդար ֆուտբոլիստի վախճանից հետո երկրի սենատ օրինագիծ է մտցվել՝ Մարադոնայի պատկերով թղթադրամներ և նամականիշեր թողարկելու վերաբերյալ:
Բացի Դիեգոյի նկարից, թղթադրամի վրա առաջարկվում է պատկերել Մարադոնայի երկրորդ գոլը Անգլիային՝ 1986թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում: Այդ գոլը համարվում է «Դարի լավագույնը»:
Ներկա պահին 1000 պեսո նոմինալ արժեքով թղթադրամը խոշորագույնն է Արգենտինայում:
Հիշեցնենք, որ Մարադոնան 60 տարեկան հասակում սրտի նոպայից մահացավ նոյեմբերի 25-ին: