954 դիտում
20:47 07-12-2020
Միխայիլ Վարդապետով. Մենք ընտրում ենք առողջությունը
Ինչպես հայտնի է «Ուրարտուի» մասնակցությամբ տարեվերջյան 2 հանդիպումները հետաձգվել են, քանի որ թիմի 5 ֆուտբոլիստների COVID 19-ի RT-PCR թեստերի պատասխանները եղել են դրական։
Ստեղծված իրավիճակի, ինչպես նաև վարակված ֆուտբոլիստների ինքնազգացողության մասին մանրամասներ իմանալու համար «Ուրարտուի» մամուլի ծառայությունը զրուցել է ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովի հետ․
[b]– COVID 19-ի RT-PCR թեստերի հանձնումից հետո պարզվեց, որ «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստների թեստերի պատասխանները դրական են, ի՞նչ վիճակում են նրանք հիմա։
[/b]
– Մեր այն տղաները, որոնք այժմ վարակված են, իրենց լավ են զգում, նրանց հետ կապի մեջ ենք, բնականաբար միանգամից ինքնամեկուսացվել են, այդպես մենք վարվել ենք յուրաքանչյուրի պարագայում։ Ես կարծում եմ, որ առաջնության վերսկսման պես, այսինքն գարնանը բոլորը կլինեն առողջ ու պատրաստ ինչպես մարզումներին ու ծանրաբեռնված աշխատանքին, այնպես էլ խաղերին։ Այս մրցաշրջանի ողջ ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարբեր դրսևորումներով վարակված են եղել 17 ֆուտբոլիստներ, ի ուրախություն մեզ, նրանց մեծամասնությունն այն թեթև ու առանց ախտանշանների են անցկացրել, բայց դա բնականաբար մեզ հանգստանալու առիթ չի տալիս, որովհետև մեկ բան է, երբ օրինակ ակումբի աշխատակիցն է հիվանդանում, ում գործի բնույթը մտավոր է, մեկ այլ բան, երբ պրոֆեսիոնալ մարզիկն է հիվանդանում, որի աշխատանքը ֆիզիկական բնույթ ունի։ Կա շատ կարևոր գործոն, որը պետք է հաշվի առնել, դա վերականգնումն է, հիվանդությունից հետո վերադառնալը, ծանրաբեռնված աշխատանք վերսկսելը։ Մենք հանգամանորեն ուսումնասիրել ենք մեր եվրոպացի գործընկերների փորձը, իսկ նրանք ասում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից հետո ֆուտբոլիստների նկատմամբ մոտեցումը պետք է խիստ անհատական լինի, ոմանք կարող է սրտի, շնչողական օրգանների հետ խնդիրներ ունենան, որպեսզի խուսափենք նման ոչ ցանկալի բարդություններից, պետք է շատ զգույշ, ուշադիր, բժիշկների վերահսկողությամբ, օգտագործելով հետազոտության լրացուցիչ հնարավորությունները վերադարձնել ֆուտբոլիստին՝ մարզումային գործընթացին։ Գլխավոր չափանիշը, դա բնականաբար RT-PCR թեստի պատասխանն է, եթե այն դրական է, ապա մենք որևէ իրավունք չունենք թույլ տալ ֆուտբոլիստին մարզվել կամ խաղալ։
[b]– Իսկ ի՞նչ հանգամանքներում որոշեցիք, որ ամբողջ թիմը պետք է նորից թեստավորվի։
[/b]
– Երբ իմացանք, որ 1-2 ֆուտբոլիստի RT-PCR թեստերը դրական պատասխաններ ունեն, որոշեցինք թեստավորել բոլորին։ Մենք չէինք կարող վտանգել ոչ մեր ֆուտբոլիստների, ոչ էլ շրջապատի առողջությունը։ Ստուգեցինք բոլորին։ Ի դեպ դա իմ կարծիքով մեր առաջնության կանոնակարգի թույլ կետերից է, որը մենք կքննարկենք ՀՖՖ բժշկական կոմիտեի նիստում, որ երբ կորոնավիրուսային հիվանդություն ունեցած ֆուտբոլիստը վերադառնում է մարզումներին, նա պետք է կրկնակի թեստ հանձնի ու միայն բացասական պատասխանի դեպքում վերսկսի մարզումները։ Դա չի արվել, որքանով տեղյակ եմ մյուս ակումբներում էլ նույն պատկերն է։ Մենք պետք է լրացնենք այդ բացթողումը։
[b]– Թիմում կան նաև առողջական այլ խնդիրներ ունեցող ֆուտբոլիստներ, նրանց մասին ի՞նչ կասեք։
[/b]
– Առհասարակ շատ բարդ մրցաշրջան ստացվեց իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով՝ պատերազմ, կորոնավիրուս, կարանտին․․․ Բայց ես կարծում եմ, որ ֆուտբոլիստներն արժանիորեն դիմակայեցին այս ժամանակահատվածին, որպես այդպիսին լուրջ վնասվածքներ մենք չունեցանք։ Եղան որոշ մկանային խնդիրներ, այտուցներ, բայց այդ վնասվածքների վերականգնման համար պահանջվեց այն ժամկետները, որը սովորաբար լինում է։ Հիմա ժամանակահատված է, երբ ֆուտբոլիստներին մենք ուղարկում ենք արձակուրդի՝ հանգստանալու։ Որպես այդպիսին լուրջ վնասվածքներ ունեցողներ մենք չունենք։ Ջոնել Դեսիրեն վերականգնվում է, նա ուներ մկանային միկրովնասվածք, արդեն հիմա կարելի է ասել, որ նա ապաքինվել է, մյուսների վնասվածքներն էլ թեթև բնույթ ունեն, որոնք ոչ մի կերպ չեն անդրադառնա մարզումների ընթացքում նրանց ունակությունների վրա։
[b]– Այս տարում «Ուրարտուի» մասնակցությամբ արդեն իսկ շատ հանդիպումներ էին հետաձգվել, դրանց գումարվեց նաև «Արարատի» ու «Արարատ-Արմենիայի» հետ խաղերը։ Դա նշանակում է, որ հաջորդ մրցաշրջանում «ՈՒրարտուն» խաղային բավականին խիտ գրաֆիկ է ունենալու, ինչը բժշկական տեսանկյունից նույնպես լուրջ մարտահրավեր է։
[/b]
– Դա խնդիր չէ, այլ ավելի շուտ համապատասխան քայլ, որը մենք պետք է ձեռնարկենք մեր մարզչական շտաբի հետ միասին, երբ կպլանավորվի արդեն թե ինչ ծանրաբեռնվածությամբ են անցկացվելու մարզումները, բայց ես կարծում եմ, որ ֆուտբոլիստների առողջությունը վտանգելն անթույլատրելի է։ Այո, գիտակցում ենք, որ անհարմար է լինելու, որ որոշ դժվարություններ են առաջանալու կազմակերպչական տեսանկյունից նույնպես, բայց մենք գիտենք, որ այսկերպ ավելի մեծ է հավանականությունը, որ մեր ֆուտբոլիստները առողջ կլինեն ու որևէ բարդություններ չեն ունենա։ Երբ կշեռքի մի նժարին առողջությունն է, մյուսին կազմակերպչական դժվարությունները, ապա մենք ընտրում ենք ֆուտբոլիստների առողջությունը, քանի որ այն կարևոր է ամեն ինչից։
Նմանատիպ նյութեր
10135 դիտում
19:12 01-05-2018
Մենք ընտրում ենք վատ տարբերակի ու կործանարար վիճակի միջև. Արմեն Աշոտյան. Tert.am
Այս բաժնից
1501 դիտում
18:52 21-11-2024
Շանթ Խաչատրյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել
1780 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1843 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը