211652_close_icon
views-count11646 դիտում article-date 15:45 05-12-2020

Սյունիքի մարզի բոլոր քաղաքների քաղաքապետները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Սյունիքի մարզի բոլոր քաղաքները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Նրանց տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասները։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։ Փաշինյանի հրաժարականի այս պահանջին են միացել Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանը և 13 ավագանու անդամներ, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և 10 ավագանու անդամները, Գորիս Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և 13 ավագանու անդամները, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և 8 ավագանու անդամները: Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով էին հանդես եկել Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետը, Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանը և Կոտայքի մարզի Քասախ համայնքը:

Նմանատիպ նյութեր