18595 դիտում
12:46 03-12-2020
Երկրի ղեկավարի քաղաքական անկարողությունը կործանարար է մեր հայրենիքի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում․ ԱԱԾ պաշտոնյան հայտնել է հեռանալու մասին
ԱԱԾ սպա, մայոր Գրիգորի Թավադյանը հայտնել է համակարգից հեռանալու որոշման մասին։
Թավադյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ազգային անվտանգության ծառայության հարգարժան գործընկերներ
Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից:
Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր Հայրենիքն առավել անվտանգ և ամուր տեսնելու երազանքն ու այդ երազանքին հասնելու համար որևէ ջանք չխնայելու երդումս:
Երախտապարտ եմ իմ բոլոր ղեկավարներին և գործընկերներին՝ այս տարիների համատեղ ծառայության համար: Ինձ համար մեծ պատիվ էր այս ճանապարհն անցնել ձեզ հետ միասին: Ես մշտապես զգացել եմ բոլորիդ հարգանքը, մասնագիտական աճ ունեցել գրեթե բոլոր ղեկավարների օրոք, ինչից էլ ներշնչվել է այն վստահությունը, թե միասին օրեցօր ավելի ենք մոտենում մեր երազանքների Հայրենիքին:
Ուզում եմ վստահեցնել բոլորիդ, որ այսօրվա իմ որոշման հիմքում չկա որևէ քաղաքական հաշվարկ: Պարզապես ինձնից նենգաբար գողացել են իմ երազանքը, և սպային բնորոշ լռությունն ու չեզոքությունը պահպանելն այլևս վեր է իմ ուժերից։
Երկրի վարչապետի ապաշնորհ և անհեռատես կառավարման արդյունքում մեր հասարակությունը ծայրաստիճան պառակտվեց, մենք կորցրինք մեր մեծ հայրենիքի այն մասը, որը երբեք թշնամու կողմից գրավված չէր եղել, և սերունդ, որը երբեք պարտություն չէր տեսել:
Այսօր, առավել քան երբևէ, երկրի ղեկավարի քաղաքական անկարողությունը կործանարար է մեր հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում, որոնցից ամենահրատապներն, անշուշտ, անհետ կորածների և գերիների հարցերն են:
Դեռևս հույս եմ հայտնում, որ պետությանը պատվով ծառայած սպայիս նման կտրուկ որոշումը իր տեղում և չափով որևէ կերպ կներազդի երկրի վարչապետի կողմից իրականությանը վերջապես առերեսվելուն՝ ի նշան անձնական և հանրային բողոքի։ Անասելի սեղմ է այն ժամանակը, որում նա պետք է սթափ գնահատի իր հեռանալու և նոր, կարող ուժերի համար ճանապարհ բացելու անհրաժեշտությունը։
Անվտանգ ծառայություն եմ մաղթում բոլոր համածառայակիցներիս և ամուր հավատ՝ մեր ընդհանուր երազանքի հանդեպ։
Պատիվ ունեմ»:
Նմանատիպ նյութեր
20627 դիտում
22:22 21-03-2017
Կնոջ դերն իր համայնքի խնդիրների լուծման գործում անհրաժեշտություն է. Կարինե Ղուկասյան
1510 դիտում
15:30 01-04-2022
ԵԱՀԿ գործող նախագահն առաջընթաց է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծման գործում