2711 դիտում
19:04 23-11-2020
Գերեվարվածների և անհետ կորածների վերադարձի ու հայտնաբերման ուղիղ պատասխանատուն ՀՀ անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն՝ է իր համապատասխան մարմիններով. ՄԻՊ
Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով:
Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բոլորին հատուկ տեղեկացնում է, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ: Այս հարցերի կապակցությամբ պետության անունից բանակցություններ վարելու կամ պաշտոնական քննարկումներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները:
Չնայած իրավական սահամանափակումներին և այն բանին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավական խնդիրն է այս գործընթացին աջակցելը, սեպտեմբերի 27-ից սկսած շուրջօրյա աշխատանքով ու փոքր աշխատակազմով Պաշտպանը կատարել է հսկայածավալ շուրջօրյա աշխատանք ու շարունակում է կատարել այդ աշխատանքը՝ օգտագործելով միջազգային կապերի տարիների կուտակած ողջ ներուժը: Մասնավորապես՝
1. փաստագրվում, իբրև ապացույց՝ ամրագրվում են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները մեր գերեվարված հայրենակիցների նկատմամբ՝ անհրաժեշտ մշակմամբ ու նկարագրությամբ,
2. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ ադրբեջաներենից և թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվում են բոլոր տեսանյութերը և ենթագրերով ամրագրվում են տեսանյութերին: Նույն կերպ մշակվում և ամրագրվում են նաև լուսանկարները.
3. յուրաքանչյուր տեսանյութ և լուսանկար վերլուծվում է, ամրագրվում է միջազգային իրավունքի կոնկրետ պահանջների խախտումների մատնանշմամբ.
4. նշված տեսանյութերի ու լուսանկարների, դրանց վերլուծությունների հիման վրա կազմվում են հատուկ զեկույցներ ու հաղորդագրություններ՝ ըստ կոնկրետ օրերի,
5. զեկույցներն ու առանձին հաղորդագրություններն ուղարկվում են միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, ՄԱԿ-ի ու ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի խորհրդարանների բոլոր պատգամավորներին, միջազգայի լրատվամիջոցներին և այլն: Զեկույցներն ու հաղորդագրություններն ուղարկվում են նաև ՀՀ պետական իրավասու մարմիններին.
6. մեր հայրենակիցների վերադարձի, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ բոլոր դեպքերը ներկայացվում և քննարկվում են Հայաստանում այլ պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների հետ.
7. պահպանվում է անընդհատ կապ գերիների ընտանիքների հետ.
8. մշտական աշխատանքներ են տարվում փաստաբանների հետ, ովքեր դիմումներ են հասցեագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց են տրամադրվում բոլոր ապացույցները.
9. մշտական կապ է պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցչի հետ:
Գերեվարված և անհետ կորած անձանց թեման վերջին օրերին սոցիալական ցանցերում դարձել է դիտավորությամբ կազմակերպված անթույլատրելի շահարկման առարկա՝ մեր հայրենակիցներին գերեվարությունից հետ բերելու և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, Կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումները քողարկելու նպատակով՝ փորձելով նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու առաջացնելով այդ աշխատանքի ակնհայտ խոչընդոտներ։
Սրանք սոցիալական ցանցերի այն խմբերն են, որոնք կազմակերպված ակտիվացել են պատերազմական գործողություններից անմիջապես հետո:
Մարդու իրավունքների պաշտպանի նպատակային անկախ դիտարկումը ցույց է տալիս, որ կեղծ էջերով կազմակերպված այս դատապարտելի արշավի նպատակն է հանրային էմոցիոնալ ֆոնի օգտագործմամբ ներգրավել հնարավորինս շատ իրական օգտատերեր, մարդկանց, ովքեր իրապես մտահոգված են գերեվարված կամ անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ճակատագրով ու դրանով քողարկել Կառավարության իրական արդյունք ապահովելուն ուղղված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքի բացակայությունը։
Գերիների և անհետ կորածների հարցերով պետական մարմինների ուսումնասիրությունը վկայում է,որ՝
1. հրատապ անհրաժեշտություն են Կառավարության համակարգված աշխատանքի կազմակերպումը իրական արդյունքների նպատակով՝ որպես այս կապակցությամբ բանակցությունների հարցերում ուղիղ պատասխանատու.
2. միակ պետական մարմինը, որն այս ոլորտում պատշաճ է գործում՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունն է ու պրոֆեսիոնալ աշխատակազմը, որոնց փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Այս մարմինը, սակայն, չի կարող զբաղվել բոլոր հարցերով օբյեկտիվորեն.
3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս ոլորտում ունի իրավասություն, որը նույնպես ծավալում է ակտիվ աշխատանք ու վերջինիս հետ արդյունավետ աշխատանք է տանում նաև Մարդու իրավունքների պաշտպանը։
Հետևաբար, Կառավարությունը պետք է անհապաղ սկսի համակարգված աշխատանք նշված սկզբունքներով գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման հարցերով՝ ապահովելով պատշաճ երկխոսություն ու իրազեկում հանրության և հատկապես՝ ընտանիքների անդամների հետ:
Սոցիալական ցանցերում կեղծ էջերով անթույլատրելի շահարկումներ կազմակերպողներից Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անմիջապես դադարեցնել այդ բացարձակ անթույլատրելի, դատապարտելի արարքները:
Պաշտպանը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս բնույթով հանցավոր արարքների ու դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտության վրա:
Մեր բոլոր հայրենակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է չներքաշվել կեղծ ու ուղղորդվող օգտատերերի հետ քննարկումներին, քանի որ ընթանում է կոնկրետ կազմակերպված շահարկում ու խաղ հանրության զգացմունքների հետ։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ որևէ անգամ չեն հիշատակվում մեր այն երիտասարդները, որոնք Ադրբեջանում են հայտնվել պատերազմական գործողություններից առաջ:
Այս կազմակերպված քարոզը նաև վնասում է գերիների վերադարձի խնդրին, քանի որ այդ աշխատանքները բնույթով առանձնահատուկ են և պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցումներ, գիշերուզօր համակարգված աշխատանք՝ առանց ավելորդ հուզականության ու հրապարակային աղմուկի:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է 24-ժամյա գրաֆիկով աշխատանքներ իրականացնել տարբեր ժամանակներում գերության մեջ հայտնված մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի կամ հայտնաբերման գործընթացին աջակցելու ուղղությամբ՝ մարդու իրավունքների բոլոր ոլորտներում հավասար մոտեցման պայմաններում։