1979 դիտում
10:41 14-11-2020
Պոռոտախոսության ժամանակն անցել է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Բա ի՞նչ պիտի անեի»՝ այդպես է վարչապետը պատասխանում ընդդիմության մեղադրանքներին, թե նա «կապիտուլյացիայի թուղթը» չպիտի ստորագրեր: Փաշինյանը ճիշտ է այն առումով, որ նոյեմբերի 9-ի լույս 10 գիշերը նա այլ ելք չուներ, քան եռակողմ հայտարարությունը ստորագրելը: Մնացած խոսակցություններն, իմ կարծիքով, անիրատեսական են: Խնդիրը, կարծում եմ, այն է, որ թե՛ 45 օրվա և թե՛ 2,5 տարվա ընթացքում իշխանությունը կարող էր զարգացումներն այս հանգրվանին չհասցնել:
Դա, իհարկե, մեկ հոդվածի թեմա չէ: Բաց ես կուզենայի, այնուամենայնիվ, հիշեցնել վարչապետի մի ելույթ, և առաջարկել խորհել դառը ճշմարտության մասին, որը, սակայն, ավելի օգտակար է, քան պոռոտախոսությունը: Խոսքն այս տարվա մարտի 12-ին Վայքում արտասանած ելույթի մասին է: Առիթը, հիշեցնեմ, «այո» քարոզարշավն էր. իշխանությունը մի ամբողջ հանրաքվե էր նախաձեռնել, որպեսզի իրեն դուր չեկող Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ: Հիմա, կարծում եմ, պարզ է. որ նման չորրորդական հարցի վրա սևեռվելն ու դրա վրա այսքան ժամանակ և ռեսուրս ծախսելը, մեղմ ասած, խելամիտ չէր:
Բայց կոնկրետ այս ելույթը կապ չուներ ՍԴ-ի կամ Թովմասյանի հետ՝ ելույթի բովանդակությունը, կարելի է ասել, աշխարհաքաղաքական էր. «Ձեր դիվանագիտությունն ի՞նչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք և լիզելու եք: Այսօր էլ եք վազում, եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք», – ասել է վարչապետը:
Մի կողմ եմ թողնում արտահայտվելու ձևը՝ դաստիարակության խնդիր է, և հարց եմ առաջարկում. «եվրոպաներին» այդ «դուխով դիվանագիտությունը» չի հետաքրքրում՝ ինչպես տեսանք, մենք ընդհանրապես նրանց հետաքրքիր չենք, իսկ «մոսկվաների՞ն»:
Եվս մի մեջբերում նույն ելույթից. «Երկրի բարձրագույն պաշտոնյաները, որոնք գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում այստեղ-այնտեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու էդ լիզելու համար է, որ վզակոթներին տալով՝ հանել եմ գործերից ու ճի՛շտ եմ արել»: Համատեքստից պարզ է, որ այս պարբերության հասցեատերը Արթուր Վանեցյանն էր՝ այն մարդը, որին Փաշինյանը նշանակել էր ԱԱԾ պետ և տվել էր գեներալ-մայորի կոչում: Այս պարագայում կասկածում եմ, որ խոսքը «եվրոպաների» մասին է:
Իսկ հիմա եկեք այս ամենը համեմատենք ռուսաստանցի քաղաքագետների և, ամենակարևորը՝ ռազմական փորձագետների գնահատականների հետ: Նրանցից մեկը՝ Եվգենի Կրուտիկովը, դեռևս հոկտեմբերի 27-ին գրում էր. «Վերջին մեկ տարվա ընթացքում կորել էր հայաստանյան զինվորականների կապը Մոսկվայի հետ, հետախուզության ոլորտում բոլոր կապերը երկու երկրների միջև դադարեցվել էին՝ և դա տեղի էր ունեցել հայկական ղեկավարության նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք փոխվել է հետախուզության երեք ղեկավար, ընդ որում նրանցից մեկից որևէ իրազեկություն չունենք և նշանակված էր զուտ քաղաքական շարժառիթներով»:
Ես կուզեի, որ այդ ամենը սուտ լիներ: Ես կուզեի, որ մենք մեզնով լինեինք աշխարհի ամենահզոր երկիրը՝ քաղաքականապես, տնտեսապես, ռազմական առումով: Բայց պատրանքների և պոռոտախոսության ժամանակն անցել է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3161 դիտում
10:47 20-05-2021
Հայդուկական շարժման ժամանակն անցել է․ «Առավոտ»
1487 դիտում
19:40 22-04-2019
Ֆրանկ Լեբյոֆ. Մոուրինյոյի ժամանակն անցել է
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»