211652_close_icon
views-count21998 դիտում article-date 12:53 13-11-2020

Վերջապետը. ավարտված իշխանության ապացույցները

Փաշինյանի և Իմ քայլի իշխանության ավարտը բացառապես տեխնիկական լուծումների փուլում է. ե՞րբ և ինչպե՞ս հարցերը, անշուշտ, կստանան իրենց պատասխանները։Իշխանափոխությունը մեծ հաշվով արդեն տեղի է ունեցել։ Մտածել, թե նրան և նրանց կհաջողվի պահպանել իշխանություն, անլուրջ է հետևյալ պարզ պատճառներով. 1. Անվտանգության խնդիր. Փաշինյանի և «Իմ քայլի» ղեկավարությամբ Հայաստանը պարտվել է, հետևաբար՝ երկրի բնակչությունն իրեն անվտանգ այլևս չի զգում և չի զգալու։ Ժողովուրդն ունի պարզ խնդիր՝ ունենալ իշխանություն, որի օրոք ինքն իրեն անվտանգ կզգա։ Ժողովուրդը վստահ չէ, որ Փաշինյանը նոր պատերազմի մեջ չի ներքաշի իրենց և նոր ողբերգության չի բերի։ Նույն պատճառով իրենց անվտանգ չեն կարող զգալ նաև այն արցախցիները, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը։ 2. Անհնար է պատկերացնել Ալիև-Փաշինյանի բանակցություններ։ Հայ-ադրբեջանական բանակցություններ անպայման պետք է տեղի ունենան, բայց անհատական նման ստորացումից հետո Փաշինյանի մասնակցությամբ բանակցություններ ուղղակի անհնար է։ Դա կլինի Հայաստանի թե´ ստորացումը, թե´ պարտությունը։ Ուղղակի անհնար է դա պատկերացնել։ 3. Վստահության խնդիր։ պատերազմի ողջ ընթացքում Փաշինյանի իշխանությունը խաբել է ժողովրդին։ Ընդ որում՝ խաբել է ամենակարևոր հարցում՝ ցինիկաբար և բացառապես իր աթոռի համար։ Հասարակությունն այլևս չի հավատալու այդ մարդուն և նրա իշխանությանը՝ որևէ հարցում։ Անհնար է պատկերացնել երկրի կառավարում, երբ ժողովուրդը ողբերգական փորձի արդյունքում տոտալ չի հավատում իր իշխանությանը։ 4. Հասարակության զգալի մասի մոտ արմատավորված է Փաշինյանի հոգեկան անհավասարակշռության մասին վարկածը, ինչի մասին գրեթե բաց խոսում են ԱԱԾ երկու նախկին պետերը (ընդ որում՝ Փաշինյանի նշանակած)։ 5. Առաջիկա շաբաթներում Հայաստանը հայտնվելու է ծանրագույն տնտեսական ճգնաժամի մեջ, որն իր մաշկի վրա է զգալու յուրաքանչյուր քաղաքացի. 100 հազար փախստական, հարկերի հավաքագրում, բիզնեսի անկում, ֆինանսական կայունության խնդիր, եկամուտների էական նվազում և այլն։ 6. Մթնոլորտը երկրում գնալով դառնալու է պայթյունավտանգ և միակ կոնսոլիդացիոն գաղափարը դառնալու է «քայլ արա՝ մերժիր Նիկոլին» բանաձևը։ Այս փունջով աշխարհի որևէ իշխանություն չի կարող գոյատևել։ Մեր փունջը շատ ավելին է։ Ինչ է լինելու առաջիկայում։ ա/ Հասարակության նորանոր շերտեր են գիտակցելու մեր պատմական կորստի իրական չափը։ Ընկալելի է դառնալու մարդկային կորստի ողբերգականության իրական չափը։ բ/ Իշխանությունը և հասարակությունը տարանջատվելու են. ունենալու ենք բացառապես լայվի վարչապետ, որը մարդկանց հետ այլևս ուղիղ չի կարողանալու շփվել, և ունենալու ենք «Իմ քայլի» խմբակցություն, որի յուրաքանչյուր անդամ իր վրա, ամեն պահի զգալու է հասարակության, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքը գ/ սոցիալական սուր խնդիրների ավելացմամբ չարությունը իշխանության հանդեպ սաստկանալու է։ դ/ «Իմ քայլի» պատգամավորները և պետական համակարգը սկսելու են չդիմանալ ճնշումներին. արձանագրվելու է պատգամավորների և տարբեր կարգի պաշտոնյաների հրաժարականներ և տարանջատում Փաշինյանից։ Այս պրոցեսին զուգահեռ՝ կազմավորվելու է ոչ իշխանական բևեռը, իր լիդերներով և գրագետ ձևակերպված ծրագրով։ Իշխանափոխության՝ ե՞րբ և ինչպե՞ս հարցերը ստանալու են իրենց պատասխանները։ Դա անշուշտ լինելու է մոտ ապագայում և խիստ ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով։ [b]Այլընտրանքային նախագծեր խումբ[/b]

Նմանատիպ նյութեր