211652_close_icon
views-count1022 դիտում article-date 14:25 07-11-2020

Թուրքիան ամենուր անկայունություն է ստեղծում. ՀՀ նախագահի հարցազրույցը La Libre Belgique-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկար ճանապարհ է անցել որպես վարչապետ (1996-1997) և հատկապես որպես Լոնդոնում Հայաստանի դեսպան (1998-2018): Դրա հետ մեկտեղ՝ նա կարևոր դեր է ունեցել բիզնեսի ասպարեզում՝ լինելով միջազգային բազմաթիվ ընկերությունների խորհրդատու, որպիսիք են, մասնավորապես, Alcatel-ը, Bank of America-ն, Merril Lynch-ը և այլք։ La Libre Belgique-ը նախագահի հետ հանդիպել է Երևանում: La Libre Belgique- Պարոն նախագահ, մենք գալիս ենք Երևանի զինվորական գերեզմանոցից, ուր տեսանք տասնյակ դագաղներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ողբերգությանը: - Ամեն օր մենք կորցնում ենք կյանքեր, երիտասարդներ, որ չեն դառնալու հայր, արտիստ, գիտնական... Սա վիթխարի ողբերգություն է: Այդ կյանքերը կորսվեցին, մինչդեռ խաղաղ լուծման ուղի կար՝ մշակված Մինսկի խմբի կողմից, որ միավորում է Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Ռուսաստանին: Դժբախտաբար, Ադրբեջանը որոշեց լքել բանակցությունների սեղանը և դիմել ռազմական ուղուն: La Libre Belgique- Ադրբեջանն ուզում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը... - Ղարաբաղն իր բնակիչների պատմական հայրենիքն է: Այդ մարդիկ այնտեղ էին հազարամյակներ ի վեր: Նրանք այնտեղ 301թ. քրիստոնեություն ընդունեցին: Նրանք ապրում էին այնտեղ, իրենց լեռներում, երբ 11-րդ դարում թուրք-սելջուկները եկան Կենտրոնական Ասիայից: Նրանք տեսել են մոնղոլներին, Լենկթեմուրին, մաս են կազմել Պարսկաստանին, հետո՝ Ռուսական կայսրություններին, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանին: Խնդիրն սկսվեց Խորհրդային Միության ստեղծման ժամանակ, երբ ընկեր Ստալինը Նախիջևանն ու Արցախը տվեց (Ադրբեջանին): Եթե հասնենք մինչև 20-րդ դարի սկիզբը, այդ ժամանակ Արցախում ապրում էին 350 հազարից 360 հազար բնակիչ, ճնշող մեծամասնությամբ՝ 95 տոկոս, հայեր: Այդ ժամանակ Շուշին մեծ քաղաք էր, 60 հազար բնակչով՝ մեծամասամբ հայեր: Այն փոքր էր Թբիլիսիից, բայց մեծ էր Երևանից: Խորհրդային տարիներին Ղարաբաղն ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղն աշխարհի ամենամեծ ինքնավարության աստիճանն ուներ, քանի որ դրա երաշխավորը Խորհրդային Միությունն էր: Այն տևեց 70 տարի: Չնայած դրան, այնտեղից 200 հազարից ավելի մարդիկ հեռացան: Ինչո՞ւ: Որովհետև հայկական դպրոցներ չկային, որովհետև երիտասարդներն աշխատանք չէին գտնում: Դա քիչ թե շատ խաղաղ էթնիկ զտում էր: Երբ խորհրդային կայսրությունը փլուզվեց, մարդիկ ցանկացան կրկին ապրել այնպես, ինչպես ապրել էին հազարավոր տարիներ ի վեր: Բաքվի պատասխանը ջարդերն էին: Ինչպե՞ս կարող ես ապրել մարդկանց հետ, որոնք քեզ վռնդում են: Ոչ մի վստահություն չկա: Նրանք (Ադրբեջանը) ասում են, թե ազատագրելու են Ղարաբաղը, բայց ումի՞ց: La Libre Belgique- Ո՞վ է սկսել այս պատերազմը: Ադրբեջանը պնդում է, թե ինքը հակահարված է տվել հայկական հարձակմանը: - Պատասխանը տրամաբանությունն է. Արցախի համար ի՞նչ իմաստ ուներ պատերազմ սկսել: 1994թ. ստորագրված զինադադարից հետո գոյություն ուներ հնարավորինս լավագույն բանակցությունների սեղանը: Հայերը վերականգնեցին Շուշիի մզկիթը, կառուցեցին դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ՝ հույս ունենալով, թե բանակցությունները կհանգեցնեն նորմալ կյանքի: La Libre Belgique- Ի՞նչ դեր է խաղում Թուրքիան: - Բացարձակապես բացասական: Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի: Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Նա ամենուր անկայունություն է ստեղծում և այդ անելով խախտում ստատուս-քվոն, որ իր դերն ավելի կարևորի: Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան էներգիա գնող երկիր էր: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի տրանսանատոլիական (TANAP), հետո՝ տրանսադրիատիկ (TAP) գազատարներով: Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից: Մյուս խաղաթուղթը փախստականներն են: Դուք չորս միլիոն փախստական ունեք ձեր սահմաններին, և Թուրքիան դրանով առևտուր է անելու ձեզ հետ: Դուք արդեն 6 մլրդ եվրո եք վճարել, չէ՞: Երրորդ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու: Ո՞վ է ձեզ ասում, որ նրանք (որոնք Ադրբեջանում են-խմբ.) չեն կարող մի այլ օդանավ նստել ու գնալ Եվրոպա: Դա մարդկանց ծայրահեղության մղելու մի այլ միջոց է: Լիբիայում Թուրքիան նույն օրակարգն ունի. վերահսկել էներգահոսքերը և վերահսկել աֆրիկյան ներգաղթի դռները դեպի Եվրոպա: Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ: Նա չի ուզում ԵՄ-ի հետ արժեքներ կիսել, օրինակ՝ հանդուրժողականություն: Այդ մարդիկ անհանդուրժող են: Ես խոսում եմ առաջնորդների մասին, ոչ թե թուրք ժողովրդի: 2007թ. հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքն սպանվեց Ստամբուլում... Հարյուր հազարավոր թուրքեր ասում էին, որ իրենք Հրանտ Դինք են: La Libre Belgique- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար: Ի՞նչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը: - Ռուսաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում: Նա Մինսկի խմբի անդամ է և լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Բայց Ռուսաստանը նաև հասկանում է, որ Թուրքիան իր դերն ունի խաղալու: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել: La Libre Belgique- Պատերազմի ներկա փուլում դեռ հնարավո՞ր է բանակցել: - Եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դրա համար կա միայն մեկ բացատրություն. Հայաստանը դեռևս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում: Եթե նույնիսկ հայերը դուրս մղվեն Արցախից, դա չի նշանակում, թե վերջնական լուծում կլինի: Առաջին, որովհետև նրանք պատմության ընթացքում մարտնչել են բոլորի դեմ: Երկրորդ, վերջնական լուծում չի կարող լինել, մինչև որ կողմերը չնստեն սեղանի շուրջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և իրար ձեռք չսեղմեն: Մի օրինակ, Թուրքիան Ցեղասպանության ժամանակ կոտորեց 1,5 մլն հայ: Կարծո՞ւմ եք՝ մարդիկ մոռացե՞լ են դա: Երրորդ և չորրորդ սերունդները դեռ հիշում են, և այսօր նրանք կամավորական են դառնում Արցախում կռվելու, Թուրքիայի դեմ կռվելու համար: Եթե Թուրքիան շարունակում է ժխտել դա, կարծո՞ւմ եք, որ երկու ազգերը պատրաստ կլինեն բանակցել։ Ոչ: Դուք մարդկանց կարող եք դուրս քշել, բայց հիշողությունը կհարատևի մի սերնդից մյուսը: La Libre Belgique- Փոխզիջումների մասով, կարծո՞ւմ եք, որ պետք է քննարկումներ լինեն Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտու» վերաբերյալ: - Պե՞տք է լինեն կապույտ սաղավարտներ, անվտանգության գոտիներ: Դա հակամարտությունները լուծելու դասական եղանակ է: Սակայն առաջին բանը, որ պետք է արվի, հրադադարն է: Երկու ճամբարներում էլ մահեր կան, և դա մեզ ոչ մի տեղ չի տանում: Վերջնական ռազմական լուծում գոյություն չունի: Կլինեն ժամանակավոր հաղթանակներ, սակայն պատերազմը շարունակվելու է: Կարևորը վստահությունը վերահաստատելն է: La Libre Belgique- Դուք կարո՞ղ եք վստահել նախագահ Ալիևին: - Փոխվստահությունը կարող է ձեռք բերվել բանակցությունների ընթացքում: Ես Մինսկի խմբում բանակցող չեմ: Այդ դերը վերապահված է վարչապետին և արտաքին գործերի նախարարին, բայց ես հույս ունեմ, որ երբ նրանք վերադառնան սեղանի շուրջ, կկարողանան միջազգային հանրության աջակցությամբ վերականգնել փոխվստահությունը և հասնել վերջնական լուծման: Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով:

Նմանատիպ նյութեր