2093 դիտում
23:06 18-09-2020
Թուրքիան դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր. Իտալիայում ՀՀ դեսպան
Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը հարցազրույց է տվել իտալական «Լա Վերիտա» օրաթերթին, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և դրանում Թուրքիայի դերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մտադրության մասին, Համբարձումյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:
«Նմանօրինակ սպառնալիքները լավագույնս են ի ցույց դնում այդ պետության իրական դեմքը։ Մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչության դրսևորում:
Այդ հայտարարությունը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ժողովրդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից փորձ է արվել «արդարացնել» ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը՝ որպես «էմոցիոնալ» ֆոնին արված հայտարարություն: Իհարկե դա որևէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանից եկող սպառնալիքը Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասել է Համբարձումյանը։
Դեսպանի խոսքով՝ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր կազմակերպություններում մտահոգություն էր հայտնում ատոմակայանի անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ այն գտնվում է սեյսմիկ գոտում, իբր հնացած է և այլն: Իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ատոմակայանը:
«Կարծում ենք, որ սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի բոլոր այսպես կոչված մտահոգությունները ունեն խսիտ հակահայկական ուղղվածություն:
Ցավոք, մարդկային կյանքը այդ երկրում արժեք չէ, էլ ուր մնաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը»,- հավելել է դեսպանը։
Հարցին՝ թե ինչ կոչ ունի իտալական իշխանություններին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը պատասխանել է, որ նախևառաջ այս առիթը օգտագործելով ցանկանում է շնորհակալություն հայտնել իտալական իշխանություններին, մասնավորապես ԱԳ նախարար Դի Մայոյին ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր հավասարակշռված մոտեցման համար։
«Բարձր եմ գնահատում հուլիսյան իրադարձությունների ողջ ընթացքում իտալական կողմի ցուցաբերած խոհեմ և հավասարակշռված մոտեցումը։ Իտալական իշխանություններից ակնկալիքն այն է, որ իտալական կողմը շարունակի դրսևորել հավասարակշռված և անկողմնակալ մոտեցում, աջակցել հակամարտությամբ զբաղվող և միջազգային հանրության մանդատն ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացին։
Միջազգային հանրությանը մոլորեցնում են ձեր և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները հարձակման մասին։ Ի վերջո, մարդիկ ու՞մ հավատան, ո՞վ է հարձակվել։
Կարծում եմ՝ երբ չգիտես ում հավատալ, ստիպված ես ապավինել տրամաբանությանը»,- ասել է Համբարձումյանը։
Դեսպանի կարծիքով՝ այն կողմը, որը հարձակվելու մտադրություն ունի, չի պնդում հետաքննության մեխանիզմ ներդնել Հայաստան-Ադրբեջան սահմանին և Ադրբեջան-ԼՂ շփման գծում։ Այն կողմը, որը հարձակվելու մտադրություն չունի, այդպես ուժեղ չի պայքարում այդ մեխանիզմները դնելու դեմ։
«Կամ երբևէ լսե՞լ եք Հայաստանից Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ թշնամական կոչեր։ Ադրբեջանը դա անում է ամենօրյա ռեժիմով։ Ո՞վ է հայերին անվանում թիվ մեկ թշնամի, ո՞վ է Բաքվի փողոցներում կազմակերպում ցույցեր «մահ հայերին» կարգախոսով։
Ներկա ռազմական էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպես օրինակ՝ հրամանատարների միջև ուղիղ կապը, միջազգային, տվյալ պահին՝ ԵԱՀԿ մոնիթորինը, ինչպես նաև վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները:
Սակայն այդ միջոցառումների ներդրմանը հետևողականորեն դեմ է ոչ թե Հայաստանը, ոչ թե Արցախը, այլ հենց Ադրբեջանը»,- ընդգծել է Համբարձումյանը։
Դեսպանը նաև խոսել է Թուրքիայի դերի մասին այս ամենում, նշելով, որ Թուրքիայի դերը ապակառուցողական է, ինչպես միշտ։
«Թուրքիան, ցավոք, գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ այն դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր՝ լինի դա Միջերկրականում, Աֆրիկայում, թե Ասիական տարածաշրջանում: Ներկայումս Թուրքիայի կողմից փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել նաև Հարավային Կովկաս: Ադրբեջանին հայտնած անվերապահ աջակցությունը և ԼՂ հակամարտության մեջ նրանց ապակառուցողական դերը միայն մի մասն են այսօրվա Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության»,- եզրափակել է Համբարձումյանը։
Նմանատիպ նյութեր
1034 դիտում
14:25 07-11-2020
Թուրքիան ամենուր անկայունություն է ստեղծում. ՀՀ նախագահի հարցազրույցը La Libre Belgique-ին
1829 դիտում
09:00 16-05-2014
Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է․ ՉԻ
1302 դիտում
16:12 02-07-2014
Մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ. Արմեն Ռուստամյան
Այս բաժնից
715 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
604 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
808 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am