«Գյումրու երիտասարդների տան» սան, 19 ամյա Գառնիկը նահատակվեց զինվոր ընկերներին հաց տանելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/11/04/1149211/?fbclid=IwAR1mlSbAPUUKy1U5mXzlKK_XljsiuJWkgETrq421PzPNLiOjl7ZOBSxdylA]Aravot.am[/url]-ը գրում է. Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ նահատակվել է Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սան Գառնիկ Հովհաննիսյանը:
Պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում կռված Գառնիկը զոհվել է տղաներին հաց տանելիս:
Նա 2018 թվականից եղել է «Գյումրու երիտասարդների տան» սան ու կենտրոնի բացման առաջին իսկ օրերից այցելել այդտեղ մինչև ծառայության մեկնելը:
Նա ընտանիքի ավագ որդին էր, ունի մեկ եղբայր: Գառնիկը երազում էր ծրագրավորող դառնալ․ ուժեղ էր մաթեմատիկայից, բայց վերջերս ասում էր՝ հենց բանակից վերադառնամ, բիզնեսով պիտի զբաղվեմ։
Գառնիկին «Գյումրու երիտասարդների տան» ընկերներն ու աշխատակիցները բնորոշում են՝ որպես աջակցող, նվիրված, հումորով, ազնիվ, բարի ու անչափ ընկերասեր տղայի, ով միշտ բոլորի կողքին էր ու հանուն նրանց ոչինչ չէր խնայի, և այդպես էլ եղավ… կյանքը չխնայեց հանուն նրանց խաղաղության:
«Գյումրու երիտասարդների տան» սաներից Նադեժդա Ավետիսյանը, որը Գառնիկի հետ եղել է նույն մանկապարտեզում, դասարանում ու նաև կենտրոնում, նշում է, թե ինչքան ընկերասեր ու պատրաստակամ էր նա։
«Մի անգամ դպրոցում ստուգողական աշխատանքս չէի հասցրել գրել, վերջացնել ու լաց էի լինում, Գառնիկը ուսուցչի սեղանից թաքուն վերցրել էր տետրս ու իմ փոխարեն լրացրել»,-հիշում է Նադեժդան։
«Գյումրու երիտասարդների տան» սաներից Լևոն Խաչատրյանն էլ նշում է․ «Երբ ես ու Սաշը (կենտրոնի սան) առաջին անգամ եկանք կենտրոն ու մեզ ծանոթացրին կենտրոնի ու պատանիների հետ, հիշում եմ՝ ի սկզբանե ինչպես էր իմ մեջ տպավորվել Գառնիկը, այնքան հոգատար ու ուրիշ էր նա։ Միշտ գալիս ու հարցնում էր մեզ՝ ամեն ինչ նորմա՞լ է տղե՛ք, բան պետք լինի ասեք: Դե, մենք տարիքով փոքր էինք այդ ժամանակ ու մեզ համար ավագ ընկեր էր նա»:
«Մի օր Գառնիկը եկավ կենտրոն ու ասաց՝ արի սեղանի ֆուտբոլ խաղանք, եթե դու ինձ հաղթես, քեզ սնիկերս կգնեմ, եթե ես՝ քեզ, ապա մի բան կասեմ, ինձ պետք է օգնես: Այնպես ստացվեց, որ ես պարտվեցի, ու ինքը, որ յուրաքանչյուր խաղում առաջատար էր, խնդրեց՝ հավատարմության վերաբերյալ սիրուն խոսքեր գրել: Ես գրեցի ու մի տեսակ ամեն ինչ այնքան գեղեցիկ էր ստացվել, որ ինքը շատ հավանեց: Սիրած աղջկա օրագիրն էր վերցրել, որում էլ այդ ամենը պիտի գրեր… բայց չգիտեմ՝ այն տվե՞ց այդ աղջկան, թե ոչ», – պատմում է «Գյումրու երիտասարդների տան» սան Նաիրա Կուբալյանը:
«Գյումրու երիտասարդների տան» սան Տաթևիկ Նաջարյանն էլ հիշում է, թե ինչպես մի անգամ նեղ վիճակից իրեն հանեց Գառնիկը՝ հոյակապ պարելով ու «Բեթհովեն» երաժշտական խմբին հաղթանակ բերելով։