211652_close_icon
views-count627 դիտում article-date 18:38 03-11-2020

Բարձրաստիճանների համատարած պարգևատրումը շարունակվում է, ծախսվող գումարներն աճելու են թռիչքաձև. ՀՅԴ-ական տնտեսագետ

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2021թ. պետական բյուջեի նախագիծը. պարզ է, որ նախագծի այս տարբերակը կենթարկվի որոշակի էական փոփոխությունների՝ ներկա իրողությունների հաշվառմամբ: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պետական բյուջեի այս նախագծի վերաբերյալ դեռ առիթ կլինի ներկայացնելու մասնագիտական դիրքորոշումներ, հատկապես՝ սոցիալ-տնտեսական պետական ծրագրերին վերաբերելի: Նախնական քննարկումների այս փուլում ստիպված եմ կրկին անգամ անդրադառնալու նախորդ երկուսուկես տարիներին իրողություն դարձած, խնդրահարույց մի երեւույթի, որը հետեւողական կերպով հատում է հնարավոր բոլոր սահմանները: Խոսքը վերաբերում է բարձրաստիճանների ամսական համատարած պրգեւատրումներին, որը նրանց փաստացի վճարվում է ոչ թե արդյունավետ աշխատանքի համար, այլ՝ որպես հավելում իրենց հիմնական աշխատավարձին՝ վերջինիս մեկուկեսից մինչեւ երկու անգամի չափով: Նախ՝ տեղին է հիշեցնել. Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետությունը առաջին հերթին եւ միջինից բարձր տեմպերով պետք է ապահովի աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը, այլ ոչ թե կրկնապատկի քաղաքական որոշումներ կայացնողների վարձատրությունը մեր բոլորի վճարած հարկերի հաշվին: Հակառակի համար որեւէ հիմնավորում չի կարող ինքնին ծանրակշիռ լինել: Ի դեպ, նախորդ երկու տարիներին այս խնդրին վերաբերելի վիճակագրական ցուցանիշները եւ դրանց համեմատական գնահատումները բազմիցս ենք ներկայացրել: Հաջորդը՝ բարձրաստիճանների խնդրահարույց պարգեւատրումների մասին խոսելիս ոլորտի պատասխանատուները պարբերաբար խոստանում են համակարգային ինչ-որ նոր լուծումներ ապահովել պետական հատվածի վարձատրության կարգավորումներում: Անցել է շուրջ երկուսուկես տարի, իսկ լուծումները չկան: Ի դեպ, պետական հատվածի վարձատրության գործող ողջ համակարգը մշակվել է ընդամենը մեկ տարում եւ արդեն իսկ գործադրվում է շուրջ հինգ տարի: Նոր լուծումները ՉԿԱՆ, քանի որ նման իրավիճակում առկա է անսահման հայեցողություն՝ իրենց պարգեւատրումների չափերն ու պարբերականությունը որոշելու համար: Այս խնդրահարույց ձեւով պարգեւատրումների ֆոնին պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացվել: Այսինքն՝ կրտսեր եւ միջին պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված: Փոխարենը՝ բացասական իներցիան շարունակվում է: Խոստացված համակարգային լուծումները նորից չկան: Սակայն 2021թ. նախատեսվում է պարգեւատրումներին հատկացվող պետական ծախսերն ավելացնել 21,7 տոկոսով կամ 18,825 միլիարդ ՀՀ դրամով: Սա անբացատրելի «թռիչք» է, եթե նկատի ունենանք, որ պետական ծառայողների հիմնական աշխատավարձերին հատկացվող ընդհանուր ֆոնդի աճը նախատեսվում է շուրջ 10 անգամ պակաս չափով: Առկա իրավակարգավորումների ներքո զուգահեռ խնդիր է բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի աշխատանքի որակն ու իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների ծրագրային կատարողականը: Մասնավորապես, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է. «պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»: Այսինքն՝ պարգեւատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ հստակ տարբերակված գործառույթ: Այն չպետք է հավասարեցվի հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով եւ կարող են փոխվել միայն օրենքով: Այս խնդիրներն արդարացնելու եւ բացատրելու փորձ անողներին հորդորում եմ 2021թ. համար նախատեսված պարգեւատրման գումարների աճի ցուցանիշներն առնվազն համեմատել նաեւ մեր երկրում միջին աշխատավարձի, կենսաթոշակների, անապահովության նպաստների չափերի կանխատեսվող աճերի ցուցանիշներին: Իսկ եզրահանգումներ անելիս անհրաժեշտ է խորապես հաշվի առնել մեր շուրջն առկա իրողությունները: Կարծում եմ այս փուլում այսքանը բավարար է՝ վեր կանգնելու անձնական շահագրռվածություններից եւ զերծ մնալու արատավոր այս պարգեւատրումներից՝ մինչեւ խոստացված համակարգային բարեփոխումները:

Նմանատիպ նյութեր