Հայաստանի և Արցախի նախկին նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելու համար․ «Հայրենիք» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցությունն ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար:
Հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների հեղինակավոր և կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը: Աստված օգնական»,- ասված է հայտարարության մեջ։