211652_close_icon
views-count1837 դիտում article-date 10:30 15-10-2020

Պայքարը պետք է շարունակվի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2001 թվականի սեպտեմբերի 11-ին ջիհադիստներն ինքնաթիռներն ուղղեցին Նյու-Յորքի երկնաքերերի և այլ թիրախների վրա: Դա, ըստ էության, պատերազմ էր Միացյալ Նահանգների դեմ: Չխորանանք, թե ինչու այդ սարսափելի ահաբեկչությունը տեղի ունեցավ և ինչպես ԱՄՆ-ը դրան պատասխանեց: Չփորձեմ նաև մեկնաբանել, թե ինչու է այդ երկիրն այդքան անտարբեր, երբ նույն ջիհադիստներն այժմ հարձակվում են Արցախի վրա՝ երևի Վաշինգթոնում մտածում են Կովկասն իրենցից շատ հեռու է, չնայած ժամանակակից աշխարհում «հեռու-մոտիկ» հասկացությունները խիստ հարաբերական են: Բայց խոսքն այլ բանի մասին է: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ երեք հազար մարդ: Դուք տեսե՞լ եք զոհվածների դիակների լուսանկարները: Ոչ, աշխարհի ամենաժողովրդավարական պետություններից մեկն ամեն ինչ արեց, որ Առևտրի համաշխարհային կենտրոնի ավերակներում ոչ մի նկարահանում չկատարվի, որ չտարածվեն ո՛չ դիակների, ո՛չ էլ բուն ավերակների պատկերները: Ինչո՞ւ: Որովհետև ահաբեկիչների նպատակը հենց դա է՝ իրենց արած դաժան գործի PR-ը, ամերիկացիների ոգին ընկճելը, նրանց մեջ հուսահատություն սերմանելը: Նյու-Յորքի և ընդհանրապես ԱՄՆ այն ժամանակվա իշխանությունների տրամաբանությունը հետևյալն էր. սգալ կորուստներն՝ այո: Բայց դա անել հնարավորինս զուսպ և արժանապատիվ: Հիմա երբ նույն ահաբեկիչները պատերազմ են մղում հայ ժողովրդի դեմ, ես չեմ ուզում մեր կողմից տեսնել խեղճության կամ ընկճվածության որևէ դրսևորում: Բոլորի աչքերն են լցվում, բոլորի կոկորդի մեջ ցավն է ամփոփվում, երբ հրապարակվում են մեր զոհված հերոսների անունները: Բայց նման, մարդկայնորեն հասկանալի ռեակցիան, իմ կարծիքով, պետք է հաղթահարվի՝ նաև հանուն այդ նահատակների հիշատակի: Պայքարը պետք է շարունակվի՝ գործնական, սառնասիրտ, ամենօրյա: Պայքարը ոչ միայն ռազմաճակատում, այլև թիկունքում, ամեն հայի, ինչպես նաև՝ մեր երկրի այլազգի քաղաքացիների ջանքերով: Այն պատանիները, որոնք օգնություն են հավաքում և ուղարկում կարիքավորներին, նույնպես պայքարում են: Մեր այն հայրենակիցները, որոնք օգնում են Արցախին, որոնք աշխարհի տարբեր երկրներում դուրս են եկել փողոցներ, նույնպես պայքարի մեջ են: Ժամանակավոր կացարաններում ապրող երեխաների մասին հոգացողները պայքարի մի մասն են: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարում թավջութակ նվագողն էլ է դիմադրում թշնամուն: Եվ այդպես ամեն մեկը՝ թեկուզ իր աշխատավայրում, իր սովորական պարտականությունները կատարելիս, բայց ավելի լավ, ավելի բարձր որակով, քան երբևէ: Աշխարհը որոշել է ստուգել մեր ժողովրդի դիմադրողականությունը: Աշխարհում, ըստ երևույթին, չեն գիտակցում, թե ում հետ գործ ունեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր