211652_close_icon
views-count2268 դիտում article-date 13:37 09-10-2020

Կամավորագրվողները կկարողանան պահպանել իրենց աշխատատեղերը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1030983.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում է կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները: Խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագծի ներկայացման ընթացքում նշեց, որ այն միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերու: Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են: Հերիքնազ Տիգրանյանը հավելեց, որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 «կողմ» ձայներով:

Նմանատիպ նյութեր